Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն, այսօր ԱԺ-ում ներկայացնելով Մանվել Գրիգորյանին վերագրվող արարքները, նրա տան, ամառանոցի խուզարկության արդյունքները, նոր տեղեկություններ հայտնեց:
Դատախազն ասաց, որ ամառանոցի աշխատասենյակում հայտնաբերել են Երեւանի թիվ 50, 197, 164, Տավուշի մարզի Չորաթան գյուղի, Վերին Ծաղկավան գյուղի, Ախուրյանի, Էջմիածնի թիվ 4 դպրոցների ուսուցիչների եւ աշխատակիցների կողմից հավաքագրված գումարներով ապրիլյան պատերազմի օրերին 2067 տարա խտացրած կաթ, 160 հատ մսի պահածո, 44 հատ բանջարեղենի պահածո, ձեթ, մակարոն, թեյ, հիգիենայի պարագաներ, դեղորայք, զինվորական նախշերով պայուսակներ, 3 տուփ ներքնաշոր:
Նա ընթերցեց թիվ 164 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտի նամակը, որտեղ ասվում է՝ «սիրելի զինվոր, քո երկամյա չարչարանքը մեր ժողովրդի խաղաղ կյանքն արժե…»:
Քննությամբ պարզվել է, որ ՊՆ-ն ԵԿՄ-ին տրամադրել է անհրաժեշտ սնունդ ու զինվորական պարագաներ՝ կամավորականների կարիքները հոգալու համար, նաեւ՝ կանոնադրական նպատակներով: Հիմնավորվել է, որ Գրիգորյանը իր ղեկավարած կառույցին տրամադրված գույքը հափշտակել է ու տեղափոխել սեփական տարածք, սնունդն օգտագործել իր կենդանիներին կերակրելու համար: Բացի դրանից, «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ին պատկանող տարածքում ապօրինի հրազեն եւ ռազմամթերք պահելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ»:
Նշված ընկերության տնօրեն է հանդիսանում Մանվել Գրիգորյանի որդին: Այդ ընկերության տարածքում էլ հայտնաբերել են զինվորների համար նախատեսված ապրանքներ:
Գլխավոր դատախազն ասաց, որ Մանվել Գրիգորյանը իր կնոջ Նազիկ Ամիրյանի, դստեր՝ Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածնի բնակիչներ Սեյրան Ղազարյանի , Արմեն Հակոբյանի նախնական համաձայնությամբ Արշալույս գյուղի իրեն պատկանող առանձնատներում թաքցրել է ապօրինի ռազմամթերք՝ փամփուշտներ, մարտական նռնակներ, պայթուցիչներ, վառոդային լիցքերով հրացաններ, նռնականետ եւ այլն: Այսինքն, Մանվել Գրիգորյանը հանցանք է կատարել՝ ներքաշելով դրանում նաեւ իր կնոջն ու աղջկան:
Նրանք նաեւ ակտիվ գործողություններ են արել՝ զենքերը թաքցնելու, տնից տուն տեղափոխելու ուղղությամբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ