Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ներկայացուցիչը Մանվել Գրիգորյանին կոչումից զրկելու կոչ անող երիտասարդներին հորդորեց սպասել նախաքննության ավարտին

Հունիս 19,2018 18:05

Արցախյան պատերազմի մասնակից, զոհված ազատամարտիկ Լյովա Կատվալյանի որդին՝ Սաշա Կատվալյանը նախաձեռնել է, որ Մանվել Գրիգորյանին զրկեն Արցախի հերոսի բարձրագույն կոչումից.

«Մենք փոքրուց մեծացել ենք այն քարոզի ներքո, որ հերոսացվել են այնպիսի մարդիկ, որոնք են Մոնթեն, 26-ի Յուրան՝ Յուրա Պողոսյանը, Աշոտ Ղուլյանը եւ նրանց կողքին ունենալ Մանվել Գրիգորյան հերոս, կարծում եմ, խայտառակություն է մեզ համար: Մանվելը պետք է պատասխան տա բարոյական հարթության վրա, թե ինչու այս մարդու մոտ վերացավ մարդ տեսակը, ինչի նա չկարողացավ իր մեջ սպանել այն հրեշին, որը գողանում էր զինվորի հացը»:

Սաշա Կատվալյանի խոսքով, իրենք վստահում են ՀՀ իշխանություններին եւ վստահ են, որ հարցը կլուծվի օրինական դաշտում: Սաշա Կատվալյանն ասում է, որ պատմաբան է, դասավանդում է եւ չի պատկերացնում՝ ինչպես է երեխաներին բացատրելու՝ ով է Մանվել Գրիգորյանը, եթե նա մնա հերոսների շարքում. «Նա, փաստացի, հակահերոս է, ոչ թե հերոս է»:

Սաշա Կատվալյանը մի քանի համախոհների հետ նամակ հանձնեցին Արցախի ներկայացուցչությանը՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Մանվել Գրիգորյանին զրկել Արցախի հերոսի կոչումից: Համացանցում էլ այդ պահանջով ստորագրահավաք են սկսելու:

Ներկայացուցչությունում նրանց ընդունեց մեր երկրում Արցախի ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը: Պարոն Ավետիսյանը կարծում էր, որ միայն այդքան թվով երիտասարդները չեն, որ Մանվել Գրիգորյանին կոչումից զրկելու հարցն են առաջ քաշում, նրանց հետեւում կան հազարավոր քաղաքացիներ՝ Արցախում, Սփյուռքում. «Երեւույթը, այն նկարահանումները եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում մեղմ արտահայտությունները՝ հետագայում ցուցադրվածի համեմատ, դժվար է, նորմալ մարդն այդ երեւույթին, նույնիսկ գնահատական տալ, դատապարտել: Բայց չէի ուզենա վերքի վրա նորից աղ լցնել առավել եւս եւ Արցախում, Հայաստանում, Սփյուռքում, մեր ժողովուրդն այդ տեսնելուց մեծ ցավ է ապրել: Եվ, չեմ կարծում, որ մենք պետք է ավելի խորացնենք»:

Կառլեն Ավետիսյանի խոսքով նախաքննություն է ընթանում, կլինի դատական գործընթաց, եւ ամեն ինչ կստանա իր գնահատականը. «Իհարկե, իրավական գնահատական կստանա այդ ամենը, բայց ամենավատ վնասը, որը մեզ հասցվել է այդ քայլով, կայանում է նրանում, որ մեզնից վերցրել են մեր հավատը, վստահությունը, այն արժեքների նկատմամբ, որոնք մենք դավանել ենք վերջին 20-30 տարիների ընթացքում: Ես, առանց հուզվելու, չեմ կարողանում նայել այն երեխաների նամակներին, ես չեմ կարողանում արտահայտվել»:

Արցախի ներկայացուցչի խոսքով, թող որեւէ մեկը դատական գործառույթներն իրեն չվերագրի, իսկ մնացած հարցերը, որոնք գտնվում են քաղաքական, բարոյական հարթակում, ժամանակի ընթացքում իրենց լուծումները կստանան:

Պարոն Ավետիսյանը նաեւ ասաց, որ մինչեւ այս վերջին փոփոխությունները հասարակության մեծ մասը, ավազակությունը, կոռուպցիան հանգիստ ընդունում էր. «Մարդիկ կային, որ կարող էին կաշառքով իրենց հարցերը լուծել: Եվ դա իրենց դուր էր գալիս»:

Նրա խոսքով հարցերը պետք է բարձրացնել օրինականության շրջանակներում, ոչ թե փողոցներ փակելով, ավելորդ ցույցեր անելով:

Ազատամարտիկի որդին հույս հայտնեց, որ բանակի հաշվին հարստացած մյուս գեներալներն էլ կբացահայտվեն. «Անհասկանալի է, զինվորական լինելով ինչպես են այդպիսի միլիոններ կուտակում, անհասկանալի է ինչպես է նրա ամառանոցում հայտնվել մի քանի միլիոնանոց ավտոպարկ»:

Սաշա Կատվալյանն ու նրա համախոհները չեն ուզում սպասել նախաքննության ավարտին, դատարանի վճռին, քանի որ գտնում է, որ Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերվածը՝ երեխաների նամակները, «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաները անհերքելի ապացույցներ են: Նրա կարծիքով. «Մանվել Գրիգորյանն այդ թալանը մենակ չի արել, սա շղթայի մի մասն է, նախ՝ պետք է բացահայտվի, թե ինչ ճանապարհով են այդ մեքենաները հայտնվել ամառանոցում, հաստատ, Մանվել Գրիգորյանն ինքը չի վարելով բերել տեղավորել, կամ սնունդը, դա փաստացի գնացել է պաշտպանության բանակ եւ հետ է եկել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930