Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենդանիներդ ավելի բարձր գնահատեցիր, քան սահմանին կանգնած իմ զինվոր տղային»․ Ախուրյանի թիվ 2 դպրոցի ուսուցչուհի

Հունիս 19,2018 17:39

Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի անձնակազմը շոկի մեջ է Մանվել Գրիգորյանի արարքից։ Ուսուցչուհիներից մեկը՝ Հասմիկ Նիկողոսյանը, որի որդին ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է առաջնագծում, այսօր մեզ հետ զրույցում ասաց․ «Մեր կողմից զինվորին ուղարկված օգնությունը, որ տեսա իր կենդանիների համար, հասկացա, որ նա իր կենդանիներին ավելի բարձր է գնահատել, քան պատերազմի ժամանակ սահմանին կանգնած իմ զինվոր տղային, որը մեկ շաբաթ շարունակ սոված է մնացել։ Տղայիս մի անգամ հարցրեցի՝ դուք ինչ-որ բան ստացե՞լ եք, ասաց՝ չենք ստացել մամ ջան, բայց այստեղ ամեն ինչ կա։ Հետագայում, մի 2-3 ամիս հետո այցելեցի իրեն, ասեց՝ մամ ջան, մենք ուղիղ մի շաբաթ ոչ մի ուտելիք չենք ունեցել, մեր մոտ մնացել էր շաքարավազ, բաժանել ենք օրերի, որպեսզի կարողանանք այդ մի շաբաթը գոյատևել։ Վերևից էլ կրակը, չեն իմացել, թե իրենց վերջը ինչ է լինելու։

Ու այսօրվա պահով տեսնում եմ, թե ամբողջ օգնությունը ո՞ւր է գնացել, հատկապես մեր դպրոցի օգնությունը, կոլեկտիվն ու աշակերտները ինչ ոգևորված էին։ Ամբողջ կոլեկտիվը իմ կողքին կանգնած՝ իմ ցավը տանում էր, նույնիսկ լսել էի որդիս վիրավոր է, ապրումներից զրկվեցի անգամ առողջությունից»։ Հասմիկ Նիկողոսյանը պատմում է, որ այդ ժամանակ այնքան էին ոգևորվել, որ նույնիսկ ինքը ուզում էր գնալ սահման, գոնե ճաշ եփեր զինվորների համար։

Մեկ այլ ուսուցչուհի էլ՝ Անահիտ Մազմանյանը պատմեց, որ տեսնելով ԱԱԾ-ի տեսանյութը՝ համաձայն որի, իրենց օգնությունը տեղ չի հասել, սկսել է լաց լինել։ «Այնքան ծանր էր, պատկերացնելու էլ չէ։ Զինվորը, որ մտնում է ծառայության, երդում է տալիս չէ՞, էդ դեպքում երդում չէ՞ր տվել գեներալի աստիճանի հասածը, չունե՞ր որևէ պարտավորություն զինվորի նկատմամբ, որ էդ քայլին դիմեց։ Ինձ ուղղակի դա ապշեցրեց, խոսքեր չեմ գտնում», -ասաց ուսուցչուհին։

Ուսուցիչներից Արա Մուշեղյանն էլ ասաց, որ ցնցված են, շատ էին լսել Մանվել Գրիգորյանի արարքների մասին, բայց որ զինվորի հասանելիքը կփախցներ, ապշեցնող էր։ «Աշակերտների նամակները չուղարկելն արդեն վերջն էր, գոնե սնունդը իրեն պահեր, նամակները տերերին հասցներ, գոնե հոգեբանորեն սատարեր զինվորներին։ Պատասխան պետք է տա ոչ միայն ինքը, այլ իրեն գեներալի կոչում տվողները»,- ասաց ուսուցիչը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930