Մանվել Գրիգորյանը «Արցախի հերոս» է իր շրջապատի համար: Դատական գործընթացի ավարտից հետո պետությունը պարտավոր է անդրադառնալ «Արցախի հերոս»-ի կոչումից զրկելու հարցին: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը:
«Լավ, ինչ- որ տեղ կուտակած զենքերն ու զինամթերքը մի կողմ, մեքենաները մի կողմ, բայց դպրոցական երեխայից՝ առաջնագծում կանգնած զինվորին հասցեագրված նամակի այնտեղ գտնվելը հերիք է միայն նրան գնդակահարելու համար: Հիմա ինչպես պետք է համոզել մարդկանց, որ ժամանակին իրենց ուղարկած օգնությունը տեղ է հասել: Այս ամենը մեծ հարված է մեր արժեհամակարգին»,- ասաց պատգամավորը:
Էդուարդ Աղաբեկյանը պնդեց՝ բացի Մանվել Գրիգորյանին «Արցախի հերոս»-ի կոչումից զրկելուց, անհրաժեշտ է վերանայել նաև այդ կոչումը ունեցողներից շատերի արժանի լինելը ևս:
«Նրանցից շատերին այդ կոչումը տրվել է պատեհապաշտությունից ելնելով: Հակառակ դրան կան իրական հերոսներ, ովքեր կոչումը չունեն: Իրականում մենք շատ ենք արժեզրկել դա»,- նշեց Է. Աղաբեկյանը՝ ընդգծելով, որ Մանվել Գրիգորյանն ինքն է իրեն հռչակել զորավար: Որպես ռազմական գործիչ՝ հայկական բանակում նրա նման շատերը կան:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ