Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստից իմ անունը ինչի՞ ես տալիս, դուխ ունես, դաշնակներին ասա». Մարուքյանը վիճեց Հակոբ Հակոբյանի հետ

Հունիս 19,2018 16:50

Խորհրդարանում արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքն է քննարկվում: Հիշեցնենք, որ առաջարկվում է հուլիսի 1-ից համակարգին միացող քաղաքացիների համար աշխատավարձից կուտակային ֆոնդերին փոխանցվող գումարը 5-ից իջեցնել 2,5 տոկոսի։ Մնացած 2,5 տոկոսի վճարման պարտավորությունը եւս թողնվել է պետության վրա։ Այլ կերպ ասած, նախկին 5 տոկոսի փոխարեն պետական բյուջեն կվճարի 7,5 տոկոս։

Խոսրով Հարությունյանն ասաց. «Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը փորձում է ներկայացնել, թե հիմնական հավաքագրումները արված են եւ մնացածը փոքր հատված են կազմում: Թույլ տվեք չհամաձայնել, որովհետեւ ոչ պետական սեկտորի աշխատողները մի քանի անգամ ավելի շատ են: Ակնհայտ է, որ կառավարությունը փորձում է իր որոշումը ոչ հիմնավոր պատճառաբանությամբ հիմնավորել»:

Ինչ վերաբերում է 5 տոկոսից 2, 5 տոկոսի իջեցնելուն, Հարությունյանն ասաց, որ եթե ասեին, որ դա հետո փոփոխման ենթակա չէր, մեկնաբանությունն ավելի համոզիչ կլիներ. «Համակարգի նկատմամբ սա առաջացնում է անվստահության էլեմենտներ»:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ժամանակին իրենք դեմ են եղել պարտադիր կուտակային համակարգին. «Հիմա մենք նաեւ հասկանում ենք այն իրավիճակը, որում հայտնվել ենք: Եկել է նոր իշխանություն, նոր կառավարություն, որը պետք է այս իրավիճակում լուծումներ գտնել եւ դուք հանգել եք այս լուծման: Եթե մենք որեւէ բան չենք անում, այս օրենքը ուժի մեջ է մտնում: Եթե կառավարությունը նախագիծ բերեր, որ այս օրենքը հետաձգեր, ես չգիտեմ, ՀՀԿ-ն կհետաձգե՞ր, թե՞ կմնար նույնը: Կառավարությունը ընտրել է հետևյալ ճանապարհը՝ բարելավի օրենքը եւ ուժի մեջ մտնող նախագիծը ուժի մեջ մտնի փոփոխությամբ»: Մարուքյանն ասաց, որ պաշտպանում են այս կառավարությանը եւ պիտի աջակցեն, որ բարեփոխումները իրականացնեն:

Մարուքյանն ասաց, որ առաջարկներ կան, որ համակարգը լինի ոչ թե պարտադիր, այլ կամավոր, դրա համար պետք է այնպես անեն, որ դա գրավիչ լինի քաղաքացու համար, վստահի պետությանը եւ նա կամավոր մասնակցի դրան. «Ես խոսել եմ վարչապետի հետ, խոսել եմ Արծվիկ Մինասյանի, Արտակ Զեյնալյանի հետ: Մենք պատրաստ ենք քննարկումներին մասնակցել եւ լուծումներ գտնել: Այն մարդիկ, ովքեր դեմ են համակարգին, շարունակում են մնալ դեմ եւ մենք իրավունք չունենք չլսել քաղաքացուն»:

Մարուքյանն ասաց, որ իրենք «կողմ» կքվեարկեն նախագծին, բայց՝ պայմանով, որ հետո քննարկեն. «Ես ասել եմ պարոն Փաշինյանին, որ սա սկզբունքային հարց է մեզ համար, մենք չենք կարող չլսել մեր քաղաքացիներին, բայց մենք նույնպես կողմ ենք քվեարկելու»:

ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը արձագանքեց՝ հանձնաժողովում քվեարկում եք ձեռնպահ, հիմա քվեարկում եք «կողմ» ռեֆորմի համար. «Էդ մարդիկ, ովքեր օրը մեջ կարծիք են փոխում, ռեֆորմ չեն կարող անել: ՀՀ-ում ես, ինչքան հիշում եմ, բոլորը կարող են հստակ ֆիքսել մի բան՝ այսօրվա կառավարությունն ունի ժողովրդի վստահության քվեն, էդ դեպքում ինչի՞ եք օրենք բերել պարտադիրը շարունակելու, օրենք բերեիք, թող լիներ կամավոր, կամավոր թող գնար: ՀՀԿ-ն կողմ է պարտադիր կուտակայինին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծն անհրաժեշտություն է՝ վաղվա խնդիրը լուծելու համար, հակառակ դեպքում կենսաթոշակը միշտ կմնա շահարկման առարկա յուրաքանչյուր վարչապետի, քաղաքական ուժի համար: Եթե խոսում եք ընտրակաշառքից, կոռուպցիայից, ամենալավ ձեւը սա է՝ ունենալ համակարգ, որտեղ չպետք է գրված լինի՝ 3 անգամ կենսաթոշակը կբարձրացնեմ վաղվանից, մարդիկ կտեսնեն 5 տարվա ձեր ստեղծագործ աշխատանքը իրենց փողի վրա, հետո նոր ձեզ կընտրեն»:

Տեղից Էդմոն Մարուքյանը արձագանքեց, սկսեց վիճել, թե ո՞վ է հանձնաժողովում ձեռնպահ քվեարկել:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հորդորեց հանդարտվել: Մարուքյանը սկսեց ձեռքերը թափահարելով՝ կռվել Հակոբյանի հետ, թե՝ «Ստից իմ անունը ինչի՞ ես տալիս, դաշնակները ձեռնպահ են քվեարկել, դուխ ունես, դաշնակներին ասա, ինձ խի՞ ես ասում»:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահեցրեց, որ իրենք լավագույն միջազգային փորձն են վերցրել: Ինչ վերաբերում է 2, 5 տոկոսին, մենք ժամանակավոր լուծում ենք սա տալիս. «Տրամաբանությունը ոչ թե հանրությանը հաճոյանալն է, այլ՝ հանրության այն մասի մոտ, ովքեր պարտադիր պետք է դառնան մասնակից կուտակային համակարգի, տնօրինվող եկամտի էական նվազեցում չառաջացնելը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930