«Այն ոլորտներում, որտեղ ստուգումների անհրաժեշտություն կլինի, դրանք կիրականացվեն»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք զենքի վաճառքի ոլորտում ստուգումներ կլինեն, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի պահեստներում ԱԱԾ-ն մեծ թվով զինամթերք էր հայտնաբերել:
«Այստեղ մեծ բարդություն չկա, եթե անհրաժեշտություն չի լինի, չի ստուգվի: Ոչ թե հրահանգներով պետք է առաջնորդվենք, այլ առաջնահերթություններով»,-պետական գնումների համակարգի վերահսկողությանն անդրադառնալով՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Գրիգորյանի պահեստներում հայտնաբերվածն անակնկա՞լ էր ձեզ համար»: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք օպերատիվ տեղեկություններ ունեինք, եւ իրացրել ենք այդ օպերատիվ տեղեկությունները»:
Մանե Թանդիլյանի՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու մասին հարցին վարչապետը չանդրադարձավ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ