Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակապետական քարոզչություն արած հեռուստաընկերությունն է՛լ չի անի, սխալը հասկացել է». վարչապետի խոսնակ

Հունիս 19,2018 16:42

Այն լրատվամիջոցը, որն, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, հակապետական քարոզչություն է անում, այլեւս չի անի: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

Երեկ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել. «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։ Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի’ արեք։ Պարզապես մի’ արեք»:

Aravot.am-ը որոշ հարցեր ուղղեց վարչապետի մամուլի խոսնակին: Մասնավորապես մենք հետաքրքրվել էինք՝ ո՞ր հեռուստաընկերությունն է զբաղվել հակապետական քարոզչությամբ եւ կոնկրետ ինչպե՞ս է արտահայտվել տվյալ հեռուստաընկերության հակապետական քարոզչությունը:

Եղոյանը հրաժարվեց անուններ տալ. «Անունների եւ դեպքերի մակարդակով վարչապետի ասածին ավելացնելու որեւէ բան չունեմ: Եթե վարչապետը հարմար գտնի` ինքը կմեկնաբանի եւ անուններ կտա: Կարող եմ ասել՝ վարչապետի ասածը չէր վերաբերում իշխանության քննադատությանը եւ չի վերաբերելու երբեւէ: Վարչապետն իրեն քննադատելու համար երբեւէ չի կշտամբելու որեւէ լրատվամիջոցի»:

Մեր մյուս հարցին՝ ի՞նչ է նշանակում հակապետական քարոզչություն եւ ինչ նկատի ուներ վարչապետը, Եղոյանը չմանրամասնեց. «Հակապետական քարոզը հակապետական քարոզն է»:

Մեր դիտարկմանը, որ ֆեյսբուքում թե վարչապետի եւ թե այլ օգտատերերի գրառումներում որպես մեկնաբանություն «Երկիր մեդիա» եւ «Կենտրոն» ՀԸ-ի անուններն են շրջանառվում, Եղոյանն ասաց՝ «Ոչ, եւ ոչ էլ «Կենտրոն»: Խոսքը «Երկիր մեդիայի» մասին չէ»:

Այնուամենայնիվ, ի՞նչ է սպառնում այդ հեռուստաընկերությանը՝ հակապետական քարոզչությունը շարունակելու համար, քանի որ վարչապետի գրառումը կարծես որպես սպառնալիք է հնչում, եւ «բարեկրթությունը միամտության հետ չշփոթել» արտահայտության տողատակով ակնարկներ է անում, մեր այս հարցերին ի պատասխան էլ Եղոյանն ասաց. «Վարչապետը կարծիք է արտահայտել, ո՛չ տողատակով, ո՛չ էլ ուղիղ խոսքով որեւէ սպառնալիք չկա: Ընդամենը կա կոչ կոնկրետ հասցեատերերին, եւ այդ հասցեատերերն արդեն հասկացել են այն, ինչ-որ արել էին, գիտակցելով էին արել ու հասկացել են: Բոլոր այն լրատվամիջոցները, որոնք չեն համարում խոսքի հասցեատեր, անհանգստանալու կարիք չունեն: Անհանգստանալու կարիք չունեն նույնիսկ այն հասցեատերերը, ում այդ խոսքն ուղղված էր: Իրենք արդեն հասկացել են իրենց արած սխալը: Եթե իրենք կցանկանան մեկնաբանել՝ խնդիր չկա»: Եղոյանը շեշտեց ՝ «Սպառնալիք չկար, դա կոչ է, որ չչարաշահի վարչապետի լայնախոհությունը»: Հակառակ դեպքում ի՞նչ կլինի, այս հարցին ի պատասխան խոսնակն ասաց. «Արդեն ասացի՝ է՛լ չի լինի նման բան, է՛լ չեն չարաշահելու»:

Իսկ ինչպե՞ս պարզվեց, որ հասկացել են, ներողություն են խնդրել, զանգե՞լ են, թե՞ այլեւս չեն անում հակապետական քարոզչություն, մեր այս հարցին ի պատասխան էլ Եղոյանն ասաց. «Որովհետեւ դա բխում է ընդհանուր տրամաբանությունից՝ երբ մարդը կատարում է որեւէ քայլ եւ երբ այդ քայլը նկատվում է՝ կոնկրետ այդ քայլը կատարած անձը հասկանում է, որ ընդհանուր հայտարարությունը վերաբերում է իրեն»: Մեր դիտարկմանը ՝ բայց հնարավոր է նաեւ այդ անձը չհասկանա, որ ընդհանուր հայտարարությունն իրեն է ուղղված, Եղոյանն այսպես արձագանքեց. «Այս դեպքում քանի որ մենք գործ ունենք շատ փորձված մարդկանց հետ՝ համոզված եմ, որ նրանք հասկացել են»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930