ԱԱԾ-ի աղմուկ հանած տեսանյութում, որտեղ ցուցադրվում է Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում ու առանձնատանը զինվորների համար հայտնաբերված օգնությունը, արկղերից մեկի վրա նշված է նաև Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի անունը: Մենք այսօր եղանք այդ դպրոցում՝ զրուցելով թե՛ տնօրեն Նարինե Մուշեղյանի, թե՛ կոլեկտիվի անդամների ու ծնողների հետ։
Տնօրենը, որին այս գործով արդեն հարցաքննել է ՀՔԾ-ն, մեզ հետ զրույցում պատմեց, որ 42 ծանրոց են ուղարկել դպրոցից, 5 ծանրոցում եղել են ներքնաշորեր, ծխախոտ, իսկ 37-ում՝ սննդամթերք։
«Ծանրոցների վրա էլ իմ ձեռագիրն է, նշել եմ՝ Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան, թիվ 2 դպրոց։ Աշակերտները նաև շատ նամակներ էին գրել, տեղավորում էին գուլպաների մեջ, որպեսզի գուլպան հագնողը բացեր ու կարդար։ Սա հայրենասերի արա՞րք է, առավել ևս սա գեներալի արա՞րք է ։ Նախադեպը չունեցող արարք է, գիտեի, որ այսպիսի քայլերի կգնան, բայց որ երեխաների սնունդը կվերցներ, ինձ համար չափից դուրս ծանր է»,- ասաց Նարինե Մուշեղյանը։
Տնօրենը պատմեց, որ չունենալով փոխադրամիջոց՝ խնդրել են գյուղապետ Արծրուն Իգիթյանին, որ ինքը տրամադրի փոխադրամիջոցը։ Նա էլ 80 հազար դրամ է տվել վարորդին, որպեսզի արկղերը հասցնեն Արցախ։ Վարորդը, ըստ տնօրենի, մահացել է, թեև նրա կողքի անձը, որն իր համար անծանոթ էր, ողջ է։
Տնօրենն ասում է, ու նույնիսկ ստացական չի վերցրել, չի կասկածել, թե սննդամթերքը կամ մյուս ապրանքները, որոնք զինվորի համար են, կարող է և տեղ չհասնեն։
Տնօրենը պատմում է, այդ օրերին երեխաները գնում էին խանութ, գումար չունեին, ապառիկ սննդամթերք էին գնում ու իրենց փոքրիկ ձեռքերով արկղերը գրկած՝ հասցնում էին դպրոց, որ րոպե առաջ ուղարկեն Արցախ։ Արկղերը երկու օրում են հավաքել։
«Լավ հիշում եմ, ծնողները եկան դահլիճ, որտեղ օգնությունն էինք համակարգում, լացում էին, ես էլ էի հուզված, անընդհատ պատուհանից դուրս էի նայում, որ հանկարծ երեխաները չնկատեն՝ ես արցունքներ էի թափում։ Ու հանկարծ մեր օգնությունը տեղ չհասնի՞․․․ Բա նամակները, նամակներից շատերը ընթերցել եմ, այնպիսի ոգեշնչող բառեր կային մեր քաջ զինվորին, հայհոյանքներ էլ կային՝ ուղղված թշնամուն, դե տանն էին գրել-բերել, ծնողներն էլ օգնել էին նամակ գրելու հարցում։ Արմեն Ռուստամյանի խոսքը լսեցի, փաստորեն էնպիսի պահածոներ են տարել առաջին գիծ, որ շանը գցեին, շունը չի ուտի։ Գոնե մեր ուղարկածը տե՞ղ չհասներ։ Աշակերտները նույնիսկ շաքարավազ էին բերել, կոնֆետից բացի շաքարավազ էին բերել, որ իր զինվորը գոնե մի թեյ խմեր։ Գիտեք, մենք առաջին գծում ծառայող զինվորներ շատ ունեինք, եկան, պատմեցին, որ նույնիսկ մի թեյի գդալ շաքարավազ են լցրել բերանները, որովհետև ճանապարհը փակ է եղել, շաքարավազով են յոլա գնացել»,- արցունքներն աչքերին՝ ասում էր տնօրենը։
Ըստ Նարինե Մուշեղյանի, արկղերը դասակարգելու ժամանակ, երբ մեկում քաղցր կաթ են պահեստավորել, մյուսում՝ կոնֆետ, ինքը հետևել է, թե աշակերտներից որևէ մեկը գոնե մի կոնֆետ կվերցնի՞ վրայից, սակայն նրանցից ոչ մեկը ոչինչ չի վերցրել, հայացք անգամ չի նետել։ Մեր զրուցակցի ասելով՝ շատերը օգնություն են բերել նաև արկղերը ճանապարհելուց հետո, ինքը ստիպված հետ է տվել, թե օգնությունն արդեն ուղարկված է ։
Տեսանյութի հրապարակումից հետո՝ հաջորդ օրը, աշակերտները եկել են դպրոց ու լաց եղել, իսկ դպրոցի ուսուցիչները հայտնվել են շոկի մեջ։
Մեր զրույցի ժամանակ ներս մտավ ծնողներից մեկը՝ Հասմիկ Մանուկյանը։ Նա ասաց․ «Ես տեսել եմ, թե ինչ խանդավառությամբ, ինչպիսի հուզմունքով, նույնիսկ վերջին կոպեկները երեխաները բերում էին, քաղցրավենիք էին գնում, որ հասցնեին ռազմաճակատ․․․ Շոկ ենք ապրում, չես կարող արդարացման համար մի սողանցք գտնել, արկղերը, որ ցույց են տալիս Ախուրյանի 2-րդ դպրոցի կողմից, այս աղքատ ընտանիքների կողմից․․․Ասեմ, որ Ախուրյանի տղամարդկանց 80 տոկոսը դրսում են գտնվում ու այդ հայթայթած գրոշներով հավաքած օգնությունը, որ պիտի հասներ կռվող տղաներին, ոգևորեր, ինչո՞ւ պիտի հասներ գազաններին, շոկի մեջ եմ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Խնդրում եմ, դրեք սոց․ ցանցերի վրա, հատկապես ՖԲ-ի։ Հաշմված դպրոցականներ և մանկավարժներ, սրտանց ցավակցում եմ Ձեր կորցրածի և հիասթափության համար։ Եթե լիներ ՖԲ-ի նշանը ես այն կանեի։