Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործով կան այլ կասկածյալներ էլ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նրանք առաջիկայում հարցաքննության կկանչվեն: Այս պահին, ըստ դատախազի, կան մարդիկ, ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում:
Խորհրդարանում, իր ելույթում դատախազը խոսել էր այն մասին, որ Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները`կինը եւ դուստրը եւս տեղյակ են եղել եւ օժանդակել են Մանվել Գրիգորյանին`իր գործունեության մեջ: Լրագրողները հետաքրքրվեցին`նրանք էլ կձերբակալվե՞ն: Դատախազը չբացառեց:
«Մեր ձեռք բերված տվյալները վկայում են մեծաքանակ անձանց ներգրավվածության մասին»,- հավելեց նա:
Այլ մանրամասները` տեսանյութում
Հարցին՝ որքանո՞վ է հնարավոր այս քրեական գործին 2016 թվականին Պաշտպանության նախարար աշխատած Սեյրան Օհանյանի առնչությունը, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Գործը քննվելու է ամբողջ ծավալով։ Ցանկացածը, ով մասնակցություն ունեցած կլինի այս գործում եւ ում արարքում կլինեն հանցակազմի հատկանիշներ, կտրվեն համարժեք գնահատականներ և հրապարակայնությունը կապահովվի»:
Նշենք, որ Սեյրան Օհանյանը արդեն իսկ ասել է «Ազատությանը», որ ինքը տեղյակ չի եղել, որ քառօրյայի ժամանակ բանակին ուղարկված օգնության մի մասը ոչ թե առաջնագիծ է գնացել, այլ գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատուն. «Ես անձամբ ցավ եմ ապրում, որովհետև, ի վերջո, այդ ամեն ինչը տարվել է մեր զինվորից և նաև այնտեղ՝ հատկապես երեխաների նամակների առկայությունը, որոնք իրենց սիրտն ու հոգին էին բացել մեր զինվորների առջև»:
Ութ տարի՝ մինչև 2016 թվականի հոկտեմբերը, պաշտպանական գերատեսչությունը ղեկավարած Օհանյանը չի բացառել, որ իր ղեկավարման ժամանակ Պաշտպանության նախարարության աշխատակիցներ լինեն ներգրավված բանակի միջոցները Մանվել Գրիգորյանին տրամադրելու գործում․ – «Իհարկե՝ տեղյակ չեմ եղել դրա մասին, բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ և համապատասխան ուղղություններով բաշխում է իրականացրել: Դա պետք է մենք ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավարությունից: Թե ինչպես է դա հայտնվել իրենց կառույցներում, իրենց տանը՝ դրա համար պատասխանատվությունը կրում են այն օղակները, որոնք որ անմիջապես բաշխում են իրականացնում ստորաբաժանումների և զորամասային օղակներում և, իհարկե, այն մարմինները, որոնք պետք է համապատասխան վերահսկողություն իրականացնեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ