Հունիսի 19-ին Հայաստանի նկարիչների միությունում կայացած բողոքի ցույցի ժամանակ նա լրագրողներին պարզաբանեց հետեւյալը. «Հաշվետվություններն` ըստ կանոնադրության, լինում են համագումարի ժամանակ, վերջին համագումարին եղել է, եւ հաջորդին նույնպես կլինի եւ ֆինանսական, եւ գործունեության հաշվետվություն: 4-րդ անգամ է, ինչ ընտրվել եմ եւ ամեն անգամ ընտրությունների ժամանակ ավելի շատ ձայներ եմ ստացել: Սա խոսում է այն մասին, որ 90 տոկոսը ինձ միշտ ձայն է տվել, մնացածը ստացել են 20 տոկոս եւ պակաս ձայներ:
Մեր երկիրը կտրուկ դեպի լավ փոփոխությունների է գնում, ինչի պատճառը ժողովրդի ընդվզումներն են կեղծիքների հանդեպ: Սակայն այս ալիքի տակ ես նկատում եմ, որ բացի բարի մղումներից, չարն էլ կա: Մեր միության համագումարը պետք է լինի 2018-ին ըստ կանոնադրության, որը ես չեմ կարող փոխել, դա իմ եւ վարչության իրավունքներից վեր է, ովքեր չգիտեն երկրի օրենքները, կարող են ինչ-ինչ հայտարարություններ անել»:
Մանրամասները` տեսանյութում:
Նա հավելեց, որ Նկարիչների միության կանոնադրությունը 4-5 անգամ փոփոխություն է կրել, մի պահ անգամ վերացրել են միություն բառը իրենց կազմակերպության անվանման մեջ, հետո կրկին այն վերականգնվել է բողոքներից հետո: Նրա խոսքով, այսօրվա կանոնադրությամբ, ՀՆՄ համագումար պետք է լինի 5 տարին մեկ:
Ինչ վերաբերում է երիտասարդ նկարիչների` չցուցադրվելուն, Հայաստանի նկարիչների միության նախագահն ասում է, որ աշխատանքներն ընտրում է ժյուրին, որի վրա ինքը որեւէ լծակ չունի. «Այդպես է եղել միշտ, դարերով»:
Մանրամասները` տեսանյութում
ՀՆՄ դահլիճներին, կորցրած սրճարանին ու տարածքներին էլ անդրադարձ եղավ: Միության նախագահն ասում է, որ դահլիճները ժամանակին անմխիթար վիճակում են եղել եւ ավելի ցածր, չկար նաեւ լուսավորության հնարավորություն:
«Հակոբ Հակոբյանի ցուցահանդեսի ժամանակ, երբ ամպրոպ եղավ, դահլիճը մթնեց, անգամ ցուցահանդեսը տապալվեց»,-հիշեց ՀՆՄ նախագահը, փաստելով, որ այն ժամանակ իրենց դահլիճը սեյսմավտանգ էր, առանց լուսավորության: Նրա խոսքով, միության այսօրվա դահլիճները լավագույնն են տարածաշրջանում, անգամ վրացիները նախանձով են նայում դրանց:
Նկարիչների միության կորցրած սրճարանի մասին էլ խոսվեց: «Նկարիչների միությունը շատ հարուստ կառույց էր, ուներ գեղարվեստի ֆոնդ, այդ ամեն ինչը կազմում էր զգալի հարստություն»,-ասաց Աղամյանը:
Այդ պահին միության երիտասարդներն ընդհատեցին նրան` առաջարկելով վերեւ բարձրանալ եւ հանդիպել ընդվզող անդամների հետ: Կարեն Աղամյանն ասաց, որ ՀՆՄ նախագահ է ընտրվել 1998 թ., երբ 11 թեկնածու կար, մարդ կար, անգամ մեկ ձայն ստացավ, իսկ ինքն առավելագույն ձայներ է ստացել:
«Ամբողջ թղթերը եւ ապացույցները կան, որ մինչեւ իմ միության նախագահ դառնալը, նախորդ նախագահը` Պողոս Հայթայանը, որը հետո բռնվեց եւ դատվեց, միության ունեցվածքի 58 տոկոսից ավելին ապօրինի վաճառել է…Պարսիկներն առանց արյուն թափելու, փաստորեն, Երեւանի կենտրոնում հող են գրավել մեր սխալի պատճառով»,-շեշտեց Կարեն Աղամյանը:
Մանրամասները` տեսանյութում
Նաեւ ասաց, որ տարածքային խնդրի պատճառով երեք տարի դատարանների հետ խնդիր է ունեցել, իր դիմաց դուրս էին եկել հզոր ուժեր, եւ իրավաբան չունենալու պատճառով պարտվել են դատարաններում: «Ես նորից այդ հարցը ուզում եմ բարձրացնել, դիմել եմ իրավապահներին, որ Հայաստանի կենտրոնում ոչ թե պարսկական մշակութային օջախ լինի` 20 հարկանի շենք, այլ մեր հինը վերականգնվի; Դա տանջանք է եւ իմ պարտականություններից մեկը: Սրճարանը վաճառվել է ընդամենը 700 դոլարով 1997թ., ես 1998-ին եմ դարձել միության նախագահ: Շատերը լավ գիտեն այդ մասին, եւ հիմա եկել ու հակառակն են ասում»,-մանրամասնեց Աղամյանը
Մանրամասները` տեսանյութում
Մեկնաբանություններ տալուց հետո Կարեն Աղամյանը բարձրացավ դահլիճ, որտեղ նրան միության անդամները բազմաթիվ հարցեր հնչեցրին ու պահանջներ դրեցին նրա առաջ: Վահան Գալստյանը, օրինակ, ասաց, որ փոփոխություններ են ակնկալում եւ չեն ցանկանում հին ձեւով շարունակել:
Մանրամասները` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ