Լրահոս
Օրվա լրահոսը

Գործընթացի արդյունքում որևէ երեխայի վիճակ չի կարող վատանալ. ԿԳ նախարար

Հունիս 19,2018 15:32

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրավերով այսօր ԿԳՆ էին այցելել Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցի մի խումբ ծնողներ, ուսուցիչներ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ: Վերոնշյալ դպրոցը ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է վերակազմավորել մանկավարժահոգեբանական աջակցության տարածքային կենտրոնի, և ներկաները որոշակի մտահոգություններ են հնչեցրել՝ հանրակրթական դպրոցներում երեխաների հետագա կրթությունը կազմակերպելու վերաբերյալ:

Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ համընդհանուր ներառականության անցումը միտված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հասարակությանն առավելագույնս ինտեգրելուն, որպեսզի վերջիններս չշարունակեն մեկուսացված մնալ: «Մենք ձեր կողքին ենք լինելու, և վստահեցնում եմ, որ գործընթացի արդյունքում որևէ երեխայի վիճակ չի կարող վատանալ: Մենք մեկ առ մեկ լուծելու ենք բոլոր խնդիրները՝ այդ հարցում համագործակցելով նաև ծնողների հետ, որպեսզի նվազեցնենք բոլոր հնարավոր ռիսկերը»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ որոշակի մտահոգություններ են առաջացել նաև այն պատճառով, որ ժամանակին ծնողների հետ բավարար բացատրական աշխատանք չի տարվել: Նշվել է, որ մանկավարժահոգեբանական կենտրոնում յուրաքանչյուր երեխայի համար կկազմվի անհատական ուսումնական և ծառայությունների մատուցման պլան, և կենտրոնի անձնակազմը հավուր պատշաճի կիրականացնի իր գործառույթները:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ կրկին հանդիպելու և խնդիրն առավել հանգամանալից քննարկելու համար:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930