Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) անդամներն ընդվզել են գործող նախագահ Կարեն Աղամյանի դեմ: Նրանք պահանջում են միության նախագահի հրաժարականը, սահմանված կարգով հաշվետվություն, ղեկավար կազմի փոփոխություն եւ այլն:
Հունիսի 19-ին բողոքի ցույց անցկացնողների մեծ մասը Հայաստանի նկարիչների միության երիտասարդ անդամներն էին: Նրանք ցանկանում են, որ ստեղծագործելու իրական հարթակ ունենան եւ իրենց հանդեպ խտրական վերաբերմունք չցուցաբերվի:
Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Վահան Գալստյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Սա տարիներով կուտակված բողոք է: Մեր երկրում բոլոր համակարգերում` եւ պետական, եւ մասնավոր, նույն վիճակն էր տիրում, մարդկանց բողոքի ձայնը տեղ չէր հասնում: Բարեբախտաբար, այսօր իրավիճակ է փոխվել երկրում, որից հետո հույս է արթնացել, որ մարդկանց ձայնը տեղ կհասնի, դրա համար մենք էլ ուզում ենք Նկարիչների միությունը փրկել անդունդի եզրին հայտնված կարգավիճակից եւ նոր շունչ տալ միությանը: Կարեն Աղամյանի կողմից մի շարք խախտումներ են եղել: Օրինակ` այն, որ Նկարիչների միությունը հասարակական կազմակերպություն է համարվում եւ հ/կ-ների մասին օրենքով այն պետք է ղեկավարվի իր կանոնադրությամբ, սակայն կանոնադրությունը պետք է բխի հ/կ-ների մասին օրենքից:
Կանոնադրության համաձայն Հայաստանի նկարիչների միության նախագահն ընտրվում է համագումարի կողմից` 4 տարի ժամկետով, վերջին համագումարը կայացել է 2013-ին եւ ըստ էության 2017-ից ավարտվել է Կարեն Աղամյանի պաշտոնավարման ժամկետը, մինչդեռ նա կանոնադրությունը խախտելով մնում է միության նախագահի աթոռին, երկրորդ բացահայտումն այն է, որ համաձայն այդ նույն կանոնադրության՝ Հայաստանի նկարիչների միության նախագահը պետք է ֆինանսական եւ գույքային հաշվետվություն ներկայացնի համագումարին` ոչ պակաս, քան 2 տարին մեկ անգամ: Ինքս 2015 թվականից լինելով նկարիչների միության անդամ, որեւէ նման հաշվետվության ականատես չեմ եղել, իմ ավագ սերնդի ընկերները նույնպես»:
Վահան Գալստյանի ձեւակերպմամբ, ՀՆՄ նախագահն ապօրինի է եւ ինքնակոչ, եւ ճիշտ կլինի, որ հրաժարական տա, որից կբխի արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Կարեն Աղամյանի տեսակետը եւ այլ կարծիքներ`հաջորդիվ: