Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նման պարգևի աշխարհում արժանացել է յոթ անձ, այդ թվում՝ Հռոմի պապը, Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո), Ցվետանա Պասկալևան». Սամվել Հակոբյան

Հունիս 19,2018 14:53

Հանրագիտարանի հեղինակ՝ ՀՀ-ում Եվրոպային անվտանգության եւ կոնֆլիկտոլոգիայի փաստավավերագրության միջազգային ակադեմիաների նախագահ, ակադեմիկոս, պատվավոր դոկտոր-պրոֆեսոր Սամվել Հակոբյանը «Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը պատմեց, թե ինչպես եղավ, որ Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, համաձայնեց հովանավորել «Հայաստանի Հանրապետություն» պատմական 11-հատորանոց հանրագիտարանի անգլերեն եւ ռուսերեն թարգմանությունը եւ տպագրությունը:

Նա պատմեց. «Ես տասնամյակներ շարունակ ուսումնասիրել եմ Հայաստանի մշակութային ժառանգությունը և ստեղծել Հայաստանի մշակութային ժառանգության անձնագիր: Մենք ստեղծել ենք «Հայաստանի Հանրապետություն» պատմական 11-հատորանոց հանրագիտարանը: Այն 2015-ին տպագրվեց ազգությամբ ռուս Ալեքսանդր Նովոպաշինի ֆինանսավորմամբ: Մեր նպատակն է այսպիսով ՀՀ մշակութային ժառանգության պահպանությունը և տարածումը: Այս առումով մեր այս գիրքը հզոր գործ է: Սակայն այն պետք էր թարգմանել»:

Պարոն Հակոբյանը հայտնեց, թե գիրքը թարգմանելու և անգլերեն, ռուսերեն տպագրելու համար դիմել է բազմաթիվ միլիոնատերերի, սակայն ոչ մի արձագանք: Այնուհետև Սամվել Հակոբյանը լսել է Արթուր Ասատրյանի բարեգործությունների և այն մասին, որ նրան ընդունել և պարգևատրել է Հռոմի պապը, ուստի որոշել է դիմել. «Մենք իր մոտ՝ Էջմիածնում հանդիպեցինք, նա մեծ սիրով ինձ ընդունեց, և խնդրեցի աջակցություն, որ եթե կարող ենք անգլերեն ու ռուսերեն գիրքը թարգմանել ու տարածել ամբողջ աշխարհում: Իմ մեկնաբանությունները լուռ լսեց, հետո ասաց` այն, ինչ վերաբերում է հայ ժողովրդի պատմությանը, հայոց պետականության ամրապնդմանը, հայ մշակութային ժառանգության ամրապնդմանը, ես պատրաստ եմ և միշտ կանգնած եմ դրա կողքին: Այնպես որ, մեծ սիրով կաջակցի թարգմանությանը և տարածմանը»:

Նա տեղեկացրեց, որ այժմ գիրքն ինտենսիվ թարգմանվում է և հույս ունեն, որ մինչև հունվար կհանձնեն տպարան: Պարոն Հակոբյանի փոխանցմամբ՝ դրանք տասնյակ հազարների հասնող ծախսեր են:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ պարոն Հակոբյանը հավաստիացրեց՝ ի տարբերություն այն  մտահոգության, որ հեղափոխություններն ընդհանրապես ունենում են բացասական ազդեցություն, մեզ մոտ եղավ հակառակը. հեղափոխությունը բերեց զարգացում: Ըստ նրա, եթե ժողովուրդը թողնի կառավարությանը մենակ, բազում խնդիրներ կառաջանան այդ նոր Հայաստանը կառուցելու ճանապարհին:

Զրույցի ավարտին Սամվել Հակոբյանը տեղեկացրեց, որ Դոն Պիպոն նաև պատվո շքանշանի է արժանացել. «Արթուր Ասատրյանն արժանացել է փաստավավերագրության միջազգային ակադեմիաների պատվո շքանշանի: Նման պարգևի է արժանացել աշխարհում յոթ անձ, այդ թվում նաև Հռոմի պապը, Հայաստանից Ցվետանա Պասկալևան: Նրան էլ դեռ չենք հանձնել: Առաջիկայում նրա և Արթուր Ասատրյանի շքանշանները կհանձնենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930