Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կան շատ մարդիկ, որ Մանվել Գրիգորյանի հետ այս ամենից օգտվել են և իր հետ զվարճացել». Մանուել Մանուկյան

Հունիս 19,2018 14:09

«Ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր վարչապետին և ԱԱԾ-ին նման բացահայտումների համար: Մենք մինչև վերջ ձեր կողքին ենք»,-«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» նախաձեռնության հեղինակ, դիրքապահ, «Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը:

Aravot.am-ի հարցին՝ միայն Մանվել Գրիգորյա՞նը պետք է պատասխանատվության ենթարկվի, Մանուելը պատասխանեց. «Իհարկե, ոչ: Այսօր կան շատ մարդիկ, որ Մանվել Գրիգորյանի այս ամենից օգտվել են և իր հետ զվարճացել: Հիմա ասում են, թե մենք ոչ մի բանից տեղյակ չենք: Սա իրենց կողմից նույնիսկ ավելի վատ քայլ է, երբ մենակ են թողնում այն մարդուն, ում հետ արել են այդ կեղտոտ գործերը: Պիտի տղամարդկություն ունենան և կանգնեն ներողություն խնդրեն ու ասեն, որ մենք այս մարդիկ ենք: Այդքան զոհված տղաներ, որ իրենց փամփուշտները վերջացել էր և մինչև վերջ կռվել են, ծնողները մինչև հիմա սգի մեջ են ու նման բան ուղղակի աբսուրդ է: Մենք միամիտ չենք, որ ամեն ինչ բարդեն միայն Մանվել Գրիգորյանի վրա: Թող բացահայտեն»:

Մանուելը վստահեցրեց՝ դեռ առաջնագծում իրենց ներսում պահել են այդ ամենն ու եկել, որ նոր Հայաստան կերտեն:

Մեր հարցին՝ վստահություն ունե՞ն, որ նոր Հայաստանում նման արատավոր երևույթներ չեն կրկնվելու, Մանուելը պատասխանեց. «Մենք վստահում ենք մեր վարչապետին և մինչև վերջ նրա կողքին ենք»:

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Ավետիք Սուքիասյանն էլ, անդրադառնալով ԵԿՄ-ն կազմաքանդելու մասին հայտարարություններին, ասաց. «Երկրապահը պետք չէ կազմալուծել, միայն անձով չպետք է գնահատել կառույցը: Այնտեղ կարող են լինել և′ լավ, և′ վատ մարդիկ, և′ ինքնակոչներ: Պետք է ուղղակի զտել երկրապահը»:

«Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» նախաձեռնության անդամ Շավարշ Մուրադյանը նշեց, որ իր հայրը ևս երկրապահ է, և ինքը կարծում է, որ երկրապահը պահել է պետք. «Երկրապահն ուժեղ կառույց է, ես եղել եմ պատանի երկրապահ ու վերջին բացահայտումներն ինձ համար այնքան էլ անսպասելի չէին: Ես տեղեկացված էի, որ պարոն Գրիգորյանի կողմից չարաշահումներ են եղել: Օրերով սոված, ծարավ ենք մնացել, ունեինք նաև դեղորայքի խնդիր: Ուրախանում էինք, որ լսում էինք, թե օգնություն ենք ստացել տարբեր տեղերից, բայց, ճիշտն ասած՝ մեզ ոչինչ չհասավ: Գիտեինք, որ մեր մոտից՝ Կապանից, ջուր, սնունդ, հագուստ էին ուղարկել, բայց էլի, մեզ ոչինչ չհասավ: Մյուս կողմից էլ պարզ է, որ միայն Մանվել Գրիգորյանն այդքանը մենակ կազմակերպել չէր կարող, նրան օգնողներ են եղել և բոլորը պիտի կրեն պատասխանատվություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930