Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը սկսել է խուսափել ընդունել և օրենսդրորեն ապահովել քրեական գործ հարուցելու առիթ հանդիսացող հաղորդումների ընթացքը

Հունիս 19,2018 13:35

ԱԱԾ-ի աննախադեպ աշխուժացման ֆոնին, մի տեսակ անտեսանելի է դարձել ոստիկանության գործունեությունը: Քաղաքում շատ քիչ են ՃՈ ավտոմեքենաները, եղածներն էլ վարորդների նկատմամբ համարյա իրավական ներգործություն չեն իրականացնում, փողոցներում կարգ ու կանոն պահպանող ոստիկանները չեն արգելում փողոցային առևտուրը, պասիվ են թաղային ոստիկանները և անգամ գործը հասավ դրան, որ ՀՀ վարչապետը կառավարության նիստին հայտարարեց, որ եթե ոստիկանները չեն կարողանում կանխեն գիշերային հրավառությունները, ապա նա անձամբ դրանով կզբաղվի:

Ոստիկանության այդօրինակ կեցվածքն անսովոր է, քանի որ վերջին տարիներին մեր երկրի քաղաքացիներն անընդհատ տեսնում էին ոստիկանության՝ շատ անգամ չհիմնավորված և ոչ իրավաչափ ակտիվությունը: Այժմ այդպես չէ: Ոստիկանությունը ոչ միայն ակտիվ չէ, այլև շատ անգամ սկսել է խուսափել պարտականությունները կատարելուց:

Մի կողմ դնենք ՃՈ գործելաոճի փոփոխությունը, փողոցային առևտրի վրա ոստիկանության կողմից աչք փակելը և գիշերային հրավառությունները չվերահսկելը: Դրանք կարելի է դիտարկել որպես պոպուլիստական քայլեր, որոնք կարճաժամկետ կիրառվում են բոլոր հեղափոխություններից հետո:

Կարելի է հասկանալ նաև ոստիկանների լոյալ վերաբերմունքը լոկալ ցույցերի և փողոցների փակման նկատմամբ: Այս ամենը կարելի է դիտել նույն հետհեղափոխական տրամաբանության լույսի ներքո: Սակայն, երբ ոստիկանությունն անգործություն է ցուցաբերում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված, քրեական գործի հարուցման առիթ հանդիսացող դեպքերում, դա չի տեղավորվում ո՜չ նախահեղափոխական, ո՜չ հեղափոխական և առավել ևս՝ հետհեղափոխական տրամաբանության մեջ: Այսօրինակ դեպքերը շատ են:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, քրեական գործի հարուցման առիթները՝ ֆիզիկական անձանց, լրատվության միջոցների հաղորդումներն են, ինչպես նաև իրավապահ մարմինների հայտնաբերումները: Միայն այս հիմքով են քննարկվում հանցագործությունների մասին հաղորդումները և արդյունքում պետք է կայացվի քրեական գործ հարուցելու, քրեական գործի հարուցումը մերժելու կամ հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին որոշումներից մեկը: Խնդրի լուծման այլ տարբերակ օրենսդրությունը չի նախատեսում:

Դեռևս 2017թ. նոյեմբերին ոստիկանությանը ծանուցել եմ քրեական գործի առիթ հանդիսացող դեպքի մասին: Անցան ամիսներ և միայն իմ հետևողականության շնորհիվ, հաղորդումից միայն 6 ամիս անց, ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից արձագանք եղավ և ինձ հասցեագրվեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չսահմանված մի գրություն: Այս տարվա մայիս ամսին ևս իրավապահներին ներկայացրեցի քրեական գործի առիթ հանդիսացող, լրատվության միջոցներով լուսաբանված, հանցագործությունների տարրեր պարունակող հաղորդումներ: Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչները ևս չփորձեցին իրենց ծանրաբեռնել պարտականությունների կատարմամբ և փոխարենը կայացնեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշումներից մեկը, կրկին բավարարվեցին, օրենսդրությամբ չնախատեսված, տարօրինակ բովանդակության գրություններով: Ենթադրում եմ, որ այսօրինակ պատմությունները շատ են:

Փաստ է, որ հետհեղափոխական ոստիկանության գործելաոճը փոխվել է: Ցանկացած փոփոխություն ունի լավ և վատ կողմեր: Իմ կարծիքով, լավ է, որ, որոշ իմաստով, նպաստելով բնակչության ապրուստի թեթևացմանը, ոստիկանությունն աչք է փակում փողոցային առևտրի վրա, սակայն վատ է, որ այն չի կարողանում վերահսկել հրավառությունները: Լավ է, որ ՃՈ-ի կողմից անհամեմատ քչացել են վարորդների նկատմամբ իրավական ներգործության դեպքերը, սակայն վատ է, որ շատացել են փողոցներում կարգ ու կանոնի խախտումները: Իսկ ամենավատն այն է, որ ոստիկանությունը սկսել է խուսափել ընդունել և օրենսդրորեն ապահովել քրեական գործ հարուցելու առիթ հանդիսացող հաղորդումների ընթացքը: Դա արդեն անհանդուրժելի է և այս պարագայում ընդհանրապես կարևոր չէ, թե հանցագործությունը կատարված է, կատարվող կամ նախապատրաստվող: Բոլոր դեպքերում, հանցագործությունը պետք է կամ կանխվի, կամ բացառվի: Իսկ դրա համար պետք է ընդամենը կատարել պարտականությունները և առաջնորդվել օրենքով: Հանցագործությունները և հետհեղափոխական պոպուլիզմն անհամատեղելի են:

 

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ՝ Կարեն Հեքիմյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930