«Տպավորություն չստեղծվի, թե ծառն ընկել է, կացնավորները շատացել, որովհետեւ իրականում մի ծառ է ընկել, բայց դեմներս խիտ անտառներ են, ծառեր՝ հաստ բներով ու մի ծառն ընկնելով՝ էդքան չեն ուրախանա», – ԱԺ-ում գեներալ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նա հիշեցրեց, որ ժամանակին ինքը ԱԺ-ում խոսել է զենքի օրինականացման մասին. «Ինչպես է ստացվում, որ ՀՀ-ում կան մարդիկ, ովքեր զինված են, կան մարդիկ, ովքեր զինված չեն ու կա բնական վախ, ովքեր զինված չեն, անհավասարության մեջ են: Ես ասում էի, որ լեգալացնենք զենքը, բոլորը զենք ունենան, իմանան, որ բոլորը հավասար են, մտնեն, խանութ, առնեն: Ոչ թե հասարակության կեսը գիտի, որ էս մի կեսը զենք ունի, եթե խելոք չմնան, կտան կսպանեն: Ինձ ասում են՝ չե՞ք ամաչում, էդ ինչե՞ր եք ասում, ուզում եք մարդիկ իրար տան սպանե՞ն: Է ամեն օր ով ուզում ա, իրար տալիս սպանում են»:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ պետության մեջ պետություն չեն ստեղծի, պետք է չեզոքացնեն. «Պետք է վերջ դնենք պետական ռեսուրսների հաշվին ախրաննիկներով ման եկող մարդկանց վարք ու բարքին»: Նա ասաց, որ ԱԺ-ում այդ հարցն է բարձրացնելու՝ պետական համարներով զինված մարդկանցով ման եկող մարդիկ ովքե՞ր են, ինչո՞ւ են այդպես շրջում, օրինակ, Երեւանի քաղաքապետը կարո՞ղ է նման կերպ ման գալ:
Մարուքյանն ասաց, որ կողմ է հարստությանը, հարուստները տնտեսության շարժիչ ուժն են, բայց «ես չեմ հասկանում դոլարով միլիոնատեր հայրենասերներին, դոլարով միլիոնատերներ են, եկել են, որ 500 հազար դրամով աշխատե՞ն»:
Էդմոն Մարուքյանը կոչ արեց, որ ում հետեւից չի եկել գլխավոր դատախազությունը, կամավոր գնան եւ իրենց զենքը հանձնեն, հանրային համերաշխություն որ լինի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ