Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոռուպցիան արմատախիլ անելուն ուղղված ջանքերը տնտեսությունն առողջացնելու և աղքատությունը կրճատելու ամենակարևոր քայլերից են. «168 ժամ»

Հունիս 19,2018 12:53

ՀՀ նոր կառավարությունն այս փուլում իր առջև գերխնդիր է դրել կոռուպցիայի դեմ պայքարը։ Շատերը ոգևորությամբ են մոտենում այս քայլերին։ Մի մասն էլ հայտարարում են, որ այս բացահայտումները հիմնականում «տեսարաններ» ապահովելու համար են, երկրին լուրջ օգուտ չեն տալիս, և, որ կառավարությունը ճիշտ կանի՝ ուշադրությունը կենտրոնացնի տնտեսությունը զարգացնելուն ուղղված լուրջ քայլերի վրա։ Իրականում, այն, ինչով զբաղված է կառավարությունը, ուղղակիորեն կապ ունի տնտեսության և տնտեսական աճի հետ։

Այսպես, կոռուպցիայի կրճատումը տնտեսության զարգացման վրա ազդող ամենակարևոր գործոններից մեկն է։ Կոռուպցիան բացասաբար է ազդում մի շարք կարևոր բաների վրա՝ փոքր և միջին գործարարության ոլորտի (որովհետև խոշոր բիզնեսն ավելի հեշտ է «լեզու գտնում» կոռումպացված իշխանությունների հետ), օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա։ Կոռուպցիան խոչընդոտում է ինովացիաները, մարդկային զարգացումը և այլն։ Ու այս ամենն իր հերթին խոչընդոտում է երկարաժամկետ, կայուն ու առողջ աճը։ Տնտեսագետների համար դժվար է ուղիղ պատճառահետևանքային կապ գտնել կոռուպցիայի և տնտեսական աճի միջև, նաև այն պատճառով, որ կոռուպցիան չափելի երևույթ չէ։ Սակայն էմպիրիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ ըստ Կոռուպցիայի ընկալման համաթվի, որքան տարածված է կոռուպցիան, այնքան ցածր է մեկ շնչին ընկնող եկամուտը։

Սակայն կան նաև տնտեսական աճի վրա կոռուպցիայի ազդեցության գնահատականներ, որոնք գրեթե բոլորը հանգում են նույն եզրակացությանը՝ կոռուպցիան դանդաղեցնում է տնտեսական աճը։ Օրինակ, Աբեդի և Դավուդիի կողմից 2004 թվականին արված հետազոտության համաձայն կոռուպցիայի կրճատումը 1%-ով ավելացնում է ՀՆԱ-ի աճը 1%-1.3%-ով։ Կամ՝ Պաոլո Մաուրոն, ուսումնասիրելով կոռուպցիայի և տնտեսական աճի միջև կապը, եզրակացրել է, որ կոռուպցիայի ընկալման ինդեքսի աճը (կոռուպցիայի նվազումը) 2.38 կետով ավելացնում է ՀՆԱ-ի տարեկան աճը 0.5%-ով։

Կան մի շարք այլ հետազոտություններ, ինչպես նաև այդ հետազոտություններին դեմ կարծիքներ։ Սակայն միջազգային մակարդակով կա կոնսենսուս այն հարցում, որ կոռուպցիան բացասաբար է ազդում տնտեսական աճի վրա։ Այդ մասին նշվում է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և այլ կառույցների զեկույցներում։ Կարճ ասած, բոլորն ընդունում են, որ ամենակոռումպացված երկրները, որպես կանոն, նաև ամենաաղքատ երկրներն են։ Բացի տնտեսական աճից կոռուպցիան ուղղակիորեն կապված է նաև երկրի բնակչության աղքատության մակարդակի հետ։ Նախ՝ կոռուպցիան բևեռացնում է մարդկանց եկամուտները՝ հարուստներին դարձնելով ավելի հարուստ, աղքատներին՝ ավելի աղքատ։ Բացի այդ, կոռուպցիան խորացնում է, այսպես կոչված, ոչ նյութական աղքատությունը, կոռումպացված համակարգի պայմաններում մարդիկ ստանում են անորակ հանրային բարիքներ՝ կրթություն, անվճար առողջապահական ծառայություններ և այլն։ Կարծում ենք, այսքանը բավարար է՝ համոզվելու համար, որ կոռուպցիան արմատախիլ անելուն ուղղված ջանքերը տնտեսությունն առողջացնելու և աղքատությունը կրճատելու ամենակարևոր քայլերից են։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930