Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանվել Գրիգորյանը մի տարբերակ ունի իր բարի համբավը վերականգնելու համար, եթե էդքան տղամարդկություն ունենա». Նաիրա Զոհրաբյան

Հունիս 19,2018 12:33

ԱԺ-ում գեներալ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվում: «Ծառուկյան» խմբակցության պատգմավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասաց, որ անմեղության կանխավարկածը հարգում է, բայց այս դեպքում պարզ է, որ գործ ունենք սովորական դիակապտության հետ:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, այն, ինչ ներկայացրեց գլխավոր դատախազը, մեկ-երկու օրվա գողություն չէ, երկար տարիների բեսպրեդելի արդյունք է, երբ մի ֆեոդալ ռեգիոնը վերցրել է պատանդ ու ռեգիոնում ապրող բնակչությանը դարձրել իր ճորտը:

Նա խոսեց շտապօգնության մեքենայի մասին, որը նախատեսված էր բանակի համար, բայց հայտնվել էր Մանվել Գրիգորյանի սեփական ավտոպարկում. «Ապրիլյան պատերազմի ժամանակ հրամանատարներն ասում էին՝ կարո՞ղ եք բարեգործներից խնդրել շտապօգնության մեքենա կամ ամենագնաց, այն մեքենան, որը գտնվում էր Մանվել Գրիգորյանի բազմաթիվ առանձնատներից մեկում: Մանվել Գրիգորյանը պատասխան պիտի տա: Նա պատասխան պիտի տա ապրիլյան պատերազմի զոհերի ծնողների առաջ: Դա՝ միանշանակ է: Այն զինվորները, ովքեր այդ օրերին փամփուշտ չունեին կրակելու, դրա մեղավորությունը նաեւ այստեղ օրեր առաջ նստած Արցախի այսպես կոչված հերոսինն է»:

Նա ասաց, որ ամբողջ շղթան պիտի բացահայտվի, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ նա մենակ չէր, մեր երկրում բազմաթիվ մանվել գրիգորյաններ կան:

Մանվել Գրիգորյանը պատասխան պիտի տա նամակ գրած դպրոցականներին. «Ախուրյանում բնակվող երեխաներից մեկի ծնողի հետ խոսում էի, ով իր նամակում գրել էր՝ աղոթում եմ քեզ համար, իմ զինվոր, որի ծնողը, գումար չունենալով, ապառիկով իրենց գյուղի խանութից քաղցրավենիք էր վերցրել եւ երրորդ դասարանի երեխան հպարտ էր, հուզված էր, որ իր քաղցրավենիքը, աղոթքը հասել էր առաջնագիծը պահող զինվորին: Բայց մենք տեսանք, որ այդ երեխաների հոգու աղոթքն ու նվերը հասել էր Մանվել Գրիգորյանի արջերին, գազաններին»:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ Մանվել Գրիգորյանի նամակին, որտեղ նա գրել էր, որ իր անունը մաքրելու է, վերականգնելու է. «Մենք սամասուդի կոչ չենք անում, ասում են՝ նալն էլ, մեխն էլ օրինականության ձեռքում են, մանվել գրիգորյաններն իրենց արժանի պատիժը պետք է ստանան: Երեկ նա նամակ էր տարածել, որ փրկելու է իր բարի անունը: Ես հիմա հայտարարում եմ՝ Մանվել Գրիգորյանը իմ կարծիքով մի տարբերակ ունի իր բարի համբավը վերականգնելու համար, եթե էդքան տղամարդկություն եւ քաջություն ունենա: Կարծում եմ, հասկացաք ես ինչ նկատի ունեի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930