«168 ժամի» հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն ասաց, որ իրավիճակի այն նկարագրությունը, որին ծանոթանում է մամուլից, իսկապես մտահոգիչ է։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունենում մտածված։ Սակայն, ըստ նրա, ընդհանուր առմամբ ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը մտահոգիչ է միշտ, քանի որ կրակահերթերը շարունակվում են՝ անկախ բանակցային գործընթացի դրական կամ բացասական փուլերից։ Ներկայիս իրավիճակի վտանգը, ըստ նրա, այն է, որ չի հաջողվում կողմերին նստեցնել բանակցելու, և ցանկացած սադրանք կարող է միանգամից վերաճել գործողությունների, քանի որ բոլոր ուժերն իրենց տեղերում են։
«Ադրբեջանն ունի մեծ սպասելիքներ, բավականին արմատական դիրքորոշում այն քայլերի հարցում, որոնք ակնկալում է հայկական կողմից, հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է, կարծում եմ՝ կա պատրաստականություն հանդիպել հակառակորդ կողմի հետ։ Սակայն միջազգային հանրության համար դեռ լիովին հասկանալի չէ, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում, դեռ չի հաջողվել ստեղծել վստահության մթնոլորտ ՀՀ նոր իշխանությունների հետ, այդ պատճառով կարծում եմ՝ բանակցային գործընթացը չի ամբողջանում»,- նման կարծիք հայտնեց Ռարը։
Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման չկազմակերպման պատճառը ևս Ռարը սրանում է տեսնում։ Ըստ նրա՝ Պեսկովի այն հայտարարությունը, թե դեռ վաղ է խոսել նման հանդիպման մասին, տողատակեր ուներ։ «Տպավորություն է, որ դեռ չի ստեղծվել շփման այնպիսի մթնոլորտ, աշխատանքային այնպիսի մթնոլորտ, որի դեպքում հնարավոր է նման հանդիպում, և որը թույլ կտա անկաշկանդ մթնոլորտում քննարկել կարգավորման գործընթացը։ Ի վերջո, կարգավորման մաս են նուրբ շահերը, հանդիպումների ընթացքում բաց քննարկումներ են ընթանում։ ՌԴ նախագահը երկար տարիներ էր աշխատել ՀՀ նախկին իշխանությունների հետ, այս իշխանությունների հետ աշխատանքային ակտիվ վիճակի հասնելու համար ճանաչողական փուլ է անհրաժեշտ։ Կարծում եմ՝ նորմալ պրակտիկա է։ ԼՂ հակամարտության ներկայիս իրավիճակի տեսանկյունից սա կարող է վտանգավոր լինել, և դա պետք է հասկանան բոլորը։ Չպետք է հասնել այն վիճակին, որ բանակցությունները լինեն ուշ»,- ասաց Ալեքսանդր Ռարը։
Նրա կարծիքով՝ շփման գծում իրավիճակի լարվածությունը կարող է թուլանալ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ ջանքերի շնորհիվ, եթե կազմակերպվի նախարարական հանդիպում։ «Ըստ իս, համանախագահները սկսելու համար պետք է կազմակերպեն Մնացականյան-Մամեդյարով հանդիպում, սակայն հապաղում են։ Այստեղ ևս որոշակի տարակարծություններ կան՝ գուցե հայկական կողմի արտահայտած դիրքորոշումների շուրջ, որոնք մի կողմ դնելով պետք է կողմերին վերադարձնել շփումների, ապա միայն խոսել բանակցելու մասին»,- ասաց նա։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում