Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում պատմեց, թե Էջմիածնում ինչեր է արել Մանվել Գրիգորյանը, դատախազն արձագանքեց՝ բա որ գիտեիք, ինչի՞ չեք հայտնել

Հունիս 19,2018 12:27

ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվում:

Գլխավոր դատախազը ներկայացրեց Մանվել Գրիգորյանին վերագրվող հանցանքները:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, լսելով դատախազին, ասաց. «Այն, ինչ դուք ներկայացրեցիք, պետական դավաճանություն է, դա մեկ օրվա գողացած չէր, ո՞ւր էիք դուք, ո՞ւր էր մեր իրավապահ համակարգը, երբ Մանվել Գրիգորյանը առաջնագծից գողանում էր զինվորի հացը, երբ նա բանդա էր ստեղծել պետության մեջ՝ պատանդ վերցնելով ողջ Էջմիածինը, երբ Մանվել Գրիգորյանի շակալները սատկացնում էին բոլոր նրանց, ովքեր համարձակություն կունենային կանգնել Մանվել Գրիգորյանի շարասյան ճանապարհին, ե՞րբ իմացաք, որ Մանվել Գրիգորյանը կատարել է ձեր թվարկած շա՜տ երկար հանցագործությունները»:

Դատախազը պատասխանեց. «Իմացա 2018-ի հունիսի 5-ին, երբ այս գործով սկսվեց իրականացվել վարույթ»:

Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց. «Շատ զարմանալի է, տարիներ շարունակ մամուլը, էջմիածինցիները խոսում էին այն մասին, որ այդ կենդանին պատանդ է վերցրել Էջմիածին քաղաքը, որ որեւէ մեկը իրավունք չունի առանց Մանվել Գրիգորյանի եւ նրա թուլաների թույլտվության շնչելու, գերակշիռ մեծամասնությունը Էջմիածնում պիտի կրեր Մանվել անունը: Դուք հասկանում եք, որ սա ողբերգություն է, երբ մենք ականատես ենք լինում, թե ինչպե՞ս կարող էր մարդը, որին տրվել է Արցախի ամենաբարձրագույն պարգեւը՝ Արցախի հերոսի կոչումը, լինի սովորական, պրիմիտիվ, էժանագին ջեբկիր»:

Դատախազը պատասխանեց՝ հակընդդեմ մեղադրելով Զոհրաբյանին. «Ինձ հիմա հետաքրքրեց՝ դուք, այդ ամեն ինչին տեղյակ լինելով, եթե դրա մեջ տեսել եք առերեւույթ հանցագործություն, որպես ԱԺ պատգամավոր, երբեւէ դիմե՞լ եք դատախազին»:

Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ բացի Մանվել Գրիգորյանից էլ ո՞ւմ է մեղսագրվում, պետական ի՞նչ պաշտոնատար անձինք են այս քրգործի շրջանակներում ներգրաված, մասնավորապես, ՊՆ-ի տրամադրած սննդի հետ կապված, ստուգվո՞ւմ է իրավաչափությունը, թե ի՞նչ վերահսկողություն է եղել այդ սննդի նկատմամբ:

Դատախազը պատասխանեց, որ եղել են այլ անձինք, որոնք մասնակցել են ապօրինի խմբով զենք ձեռք բերելու հանգամանքին, մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, բայց բոլորին է հասկանալի, որ մեծ ծավալների մասին է խոսքը: Գործի բարդությամբ պայմանավորված, պետք է երկու քննչական մարմիններ խումբ ստեղծեն եւ քննարկեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930