«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբաններից Արսեն Մկրտչյանին խնդրեցին տեղեկություններ հայտնել այն մասին, որ ըստ ԱԱԾ տեսանյութի՝ Մանվել Գրիգորյանի պահեստներում հայտնաբերված ռազմական մեքենաները գեներալը գրանցել է իր մտերիմների անուններով: Փաստաբանը նշեց. «Ապրիլյան ռազմական գործողություններ ժամանակ այդ մեքենաների շահագործումը ես իմ աչքով եմ տեսել: Չեմ կարող ասել, թե հիմա դրանք ում անունով են գրանցված, բայց որ օգտագործվել են պատերազմի ժամանակ, հիմնավոր տեսաձայնագրություններ կան, ես դիտել եմ դրանք»:
Փաստաբանը նշեց, որ այդ տեսանյութերը կներկայացվեն վարույթն իրականացնող մարմնին:
Ինչ վերաբերում է կասկածներին, թե Մանվել Գրիգորյանը զինվորի բաժինն է գողացվել, Արսեն Մկրտչյանը նշեց. «Սա չի կարող ուղղակիորեն վերաբերվել Մանվել Գրիգորյանին: Ես չեմ տեսել, որ զինվորին այդ բաժինը տեղ չհասնի: Չի կարելի անմեղության կանխավարկածը խախտել: Այո, հուզական է, որ դպրոցականի փաթեթը տեղ չի հասել, բայց դա նույնն է, թե վարչապետին կամ նախարարին մեղադրեն նրանում, որ պահակը արտադրանքը տեղ չի հասցրել կամ չի պահեստավորել: Այդ ամենը հուզական մեկնաբանություններ են»:
Արսեն Մկրտչյանն ընդգծեց, որ իրենց՝ Գրիգորյանի փաստաբանների վրա որոշակի հանրային ճնշում կա, բայց պետք չէ մոռանալ, որ իրենք մասնագիտական պարտականություններն են կատարում. «Հանրային ընկալման խնդիրներ կան, իսկ «լայվերը» եւ սոցցանցերը ազդում են այդ ընկալման վրա: Ինչպես վարչապետն է ասում, «վայ այն դատավորին», որը կոռուպցիոն շահերով կգործի: Ասում եմ՝ վայ նրանց, ովքեր կխոչընդոտեն մեր մասնագիտական գործունեությանը: Նման խնդիրների դեպքում առաջին մարդը, որին կդիմեմ Վալերի Օսիպյանից հետո, Նիկոլ Փաշինյանն է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ