«Մենք համաձայնություն ենք տալիս։ ՀՀԿ-ն չպետք է խոչընդոտի նախաքննությանը եւ քրեական գործի համար: Անձեռնմխելիությունից զրկելուն պետք է «կողմ» քվեարկի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, այսօր խորհրդարանը քննարկում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Պատճառը, օրերս ԱԱԾ-ի իրականացրած հատուկ գործողության արդյունքում Մանվել Գրիգորյանի տան եւ առանձնատան պահեստներում հայտնաբերված ավարն է:
Վահրամ Բաղդասարյանը միաժամանակ նկատում է` կա անմեղության կանխավարկած ու Մանվել Գրիգորյանը, ինչպես նշել էր իր նամակում, թող ներկայացնի հակափաստարկներ. «Թող փաստերը ներկայացնի, մենք կհետեւենք փաստերին»:
Վահրամ Բաղդասարյանը ձեռնպահ է մնում կատարվածը գնահատելուց, դա թողնում է իրավապահներին: Բայց մի բան, իր համար հստակ է. «Անկախ նրանից, ով է այդ անձը, շատ անթույլատրելի է, որ նման բան է կատարվել»:
Ասում է, որ իր համար անակնկալ է եղել Մանվել Գրիգորյանի ամառանոցներում հայտնաբերվածը: Թեեւ զենք-զինամթերքից տեղյակ է եղել: Գլխի շարժումով հասկացրեց:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ