Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Փոքրամասնությունները և փոքրամասնությունների լեզուները փոփոխվող Եվրոպայում» կոնֆերանսը, որտեղ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Հայաստանը դասել է այն երկրների թվում, որոնք բարելավվել են փոքրամասնությունների լեզուներով կրթությունը՝ համաձայն Եվրոպայի խորհրդի գործիքների:
«Հայաստանը, Լեհաստանն ու Մոնտենգրոն այն երկրների թվում են, որոնք աշխատել են մեր Կազմակերպության հետ՝ բարելավելու փոքրամասնությունների հասանելիությունը իրենց լեզվով կրթությանը՝ համաձայն մեր իրավական գործիքների,- ասել է Յագլանդը:- Հայաստանը, օրինակ, հնարավոր է դարձրել դպրոցներում կրթություն ստանալ ասորերերնով, քրդերենով և եզդիերենով»:
Յագլանդը նշել է, որ նշված պետությունները դեռ շատ աշխատանք ունեն անելու, այնուամենայնիվ նրանք շատ կարևոր քայլ են արել առաջ՝ երբեմն հակառակ քաղաքական ճնշման և ֆինանսական խոչընդոտների:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ