Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ հրաժարական է տալիս իր կամքով։ Այս պարագայում ո՞վ պետք է փոխարինի Գրիգորյանին եւ ե՞րբ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ։ Հարցերին պատասխանել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
– Պարոն Մուկուչյան, Էջմիածնի քաղաքապետի հրաժարականից հետո ի՞նչ գործընթացներ պետք է տեղի ունենան, ո՞վ է փոխարինելու նրան, ու ե՞րբ պետք է արտահերթ ընտրություններ լինեն Էջմիածնում։
– Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում, եթե նա հրաժարական է տվել, դրանից հետո համայնքի ավագանին կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն։ Նշված արձանագրությունը համապատասխան մարզպետի միջոցով ներկայացվում է ՀՀ կառավարություն եւ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն։
Կառավարության լիազորված մարմինը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը ստանալուց հետո 20-օրյա ժամկետում սահմանված կարգով կառավարություն է ներկայացնում տվյալ համայնքի՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու վերաբերյալ որոշման նախագիծ։
Ինչ վերաբերվում է ընտրություններին՝ այստեղ արդեն ԸՕ կանոնակարգումներն են։ ՀՀ Ընտրական օրենսգրքի 122-րդ հոդվածի համաձայն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է ԸՕ-ով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները։ Ընտրությունը նշանակվում է կառավարության որոշմամբ։
Այդ օրերի հետ կապված Ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածը սահմանում է, որ ղեկավարի եւ ավագանու ընտրությունները կարող են անցկացվել տարեկան մինչեւ 4 անգամ։ Ղեկավարի եւ ավագանու անդամների հերթական օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ԿԸՀ-ն:
2017 թվականին ընդունվել է որոշում, որ 2018 թվականին ՏԻՄ օրեր են նշանակվել մարտի 11-ը, հունիսի 10-ը եւ հոկտեմբերի 21-ը։
– Դա ի՞նչ է նշանակում։
– Այսինքն՝ առաջիկա ընտրությունները հոկտեմբերի 21-ին են։
Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում