Հավանաբար ոգեւորված քաղաքական վիճակի փոփոխությամբ՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները երկրորդ անգամ են հանդես եկել նույն նախաձեռնությամբ։ Սակայն այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը սառը ջուր լցրեց նրանց սպասումների վրա։
Թե նախագծի հեղինակներն ինչպես կընդունեն իրենց ներկայացրած քաղաքական ուժի մասնակցությամբ ձեւավորված կառավարության քայլը, առաջիկայում հավանաբար կտեսնենք։ Զավեշտալին սակայն այն է, որ նոր կառավարությունը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների առաջարկը մերժել է բառացիորեն նույն հիմնավորումներով, ինչը ժամանակին արել էր Կարեն Կարապետյանի գլխավորած գործադիր մարմինը։
Հեղափոխության օրերին ինչպես շատ-շատերը, այնպես էլ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները հույս ունեին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով կլուծվեն իրենց խնդիրները։ Սակայն այժմ նրանց հիասթափություն է սպասում։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը եւս դեմ է Հարկային նոր օրենսգրքով սահմանված շրջանառության հարկի շեմի նվազեցմանը։ Գործադիրի անցած նիստում կառավարության անդամներն ամեն կերպ փորձում էին հիմնավորել այդ մոտեցումը, որն ակնհայտորեն չի բխում, այսպես կոչված, ժողովրդական վարչապետի շահերից, որը նախկինում բազմիցս անխնա քննադատելով նախկին իշխանություններին՝ փոքր եւ միջին բիզնեսին ճնշելու համար, այժմ ինքն է գնում նույն ճանապարհով։
Ներկայացված եզրակացության մեջ գործադիրը իր դիրքորոշումը հիմնավորել է մի շարք հանգամանքներով։ Մասնավորապես առ այն, որ «Շրջանառության հարկի համակարգի ներդրումից ի վեր փոքր եւ միջին տնտեսավարող սուբյեկտների մոտ իրացման շրջանառության իրական ծավալների թերհայտարարագրման միտում է նկատվում, քանի որ մտավախություն ունեն, որ կարող են իրացման շրջանառության ցուցանիշով մոտենալ շրջանառության հարկի շեմին, գերազանցել այն եւ հայտնվել հարկման ընդհանուր համակարգում»։
Այս մտահոգությունը, ըստ կառավարության եզրակացության, կար նաեւ 2015թ.։ Ավելին, «դա էր այն հիմնական հիմնավորումներից մեկը, որի պատճառով կատարված օրենսդրական փոփոխությամբ շրջանառության հարկի շեմը շուրջ 2 անգամ բարձրացվեց՝ ակնկալելով, որ ՓՄՁ սուբյեկտները կփոխեն իրենց վարքագիծը եւ կսկսեն հայտարարագրել իրացման իրական շրջանառությունները»։ Սակայն կառավարության այս սպասելիքները չեն արդարացել։
-Արդյունքը եղավ այն, որ փոքր եւ միջին տնտեսավարող սուբյեկտները այդպես էլ չփոխեցին իրացման շրջանառության իրական ծավալները։
Իրականում այդպես էլ կա։ Սակայն դա ուներ հիմնավոր պատճառներ։ Դիմելով նման քայլի՝ կառավարությունը միաժամանակ հայտարարեց, որ շրջանառության հարկի շեմի բարձրացումը ժամանակավոր բնույթ ունի, եւ առաջիկայում այն դարձյալ կնվազեցվի։
Սա էր հիմնական պատճառը, որ շրջհարկի շեմի բարձրացումը չծառայեց բուն նպատակին։ Բնականաբար նման հայտարարությունից հետո տնտեսավարողները բնավ էլ շահագրգռված չէին լինելու բացահայտել իրենց իրական շրջանառությունները՝ քաջ իմանալով, որ դա վաղը պատճառ է դառնալու այլ, ավելի ծանր հարկային դաշտում հայտնվելու համար։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ տնտեսավարողները շարունակեցին տարբեր ճանապարհներ փնտրել՝ նախկին շեմը չհաղթահարելու համար։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։
Հայտարարելով ստվերի դեմ անողոք պայքարի մասին՝ կառավարության ֆինանսական բլոկի ղեկավարները համառորեն պաշտպանում են շրջհարկի շեմը նվազեցնելու պահանջը։
Հ.ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում