Այսօր սկսում են նրանից, բայց Մանվել Գրիգորյանը միակը չէ ու առավել ևս միայնակ չի գրել իր կյանքի հերոսական էջերի հակառակ էջերը: Նա ողբերգական կերպար է` պատերազմում հաղթած զինվոր, որ զորավարի սպանությունից հետո, հարյուրավորների հետ, անցավ նրան ու իր անցյալին դավաճանության ճանապարհը: Մանվել Գրիգորյանին գնեցին, որ լռի, ու տվեցին արտոնություններ, որ նրան օրենքից վեր էին դասում: Անցած 20 տարում դա գործուն տարբերակ էր: Արժեզրկվեց հաղթանակը, այլասերվեց քաղաքական դաշտը, ո՞վ էր գեներալ Մանվելը, որ դիմադրեր: Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո ԵԿՄ-ն ընտրեց հավերժ իշխանության կողքին լինելու տարբերակը: Մինչդեռ Սպարապետը միությունը ստեղծել էր նրանց խաղաղության մեջ փորձություններից պաշտպանելու համար: Պատերազմի հերոսների բարոյազրկման, ռազմական հաղթանակի նսեմացման ու արժեզրկման առաջին մեղավորը իշխանություններն էին, բայց մեղավոր էին նաև նրանք, որ չէին դիմադրում ու կուլ գնացին իշխանության սադրանքին: ԵԿՄ-ն այլևս երկրապահ չէր, ԵԿՄ-ն իշխանապահ էր: Այդպես էր 1999-ին, երբ հոկտեմբերից-դեկտեմբեր ամեն երեկո Արշակունյաց պողոտայով ազդանշանելով սլանում էին նրանց մեքենաները դեպի ԵԿՄ գրասենյակ, ու Մամուլի շենքը շունչը պահած` սպասում էր աշխարհացունց հայտարարությանը, որ այդպես էլ չհնչեց: Վարչապետ Վազգեն Սարգսյանից հետո նրանք դավաճանեցին վարչապետ Արամ Սարգսյանին, ու դա արդեն զարմանալի չէր: Նրանք ունեին պայծառ օրինակ` ՀՀԿ-ն, որ գուցե չէր ցանկանում, բայց Ռոբերտ Քոչարյանը պահանջում էր` կամ-կամ, ու Անդրանիկ Մարգարյանը դարձավ քաղաքական հարմարվողականության ու իդեալներից, գաղափարներից հրաժարումի սիմվոլ: 2008-ին ԵԿՄ-ն կարող էր միանալ Ազատության հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանը գերադասեց Սերժ Սարգսյանին ու իշխանությունը: Դա հերթական ուրացումն էր ժողովրդի կողքին լինելու խոստումների: Բնականաբար` փոխհատուցվող:
Ճիշտ է` պաշտոնը կորցրեց, բայց մնացածը պահեց: Այնուամենայնիվ, անցած տարիներին ինչ պատմություններ էլ պտտվել են Արցախի հերոսի շուրջ, ունեցվածքի, անօրինականությունների, Էջմիածինը սեփականություն դարձնելու, կռիվների ու կրակոցների մասին, ԵԿՄ-ում տարաձայնությունների ու կառույցի մասնատման պատճառների, այն, ինչ հունիսի 17-ին ցուցադրեց ԱԱԾ-ն նրա սեփականությունը համարվող տարածքներում կատարված խուզարկության արդյունքներով, նորմալ մարդու համար շոկ է: Ինչպե՞ս են 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին Արցախ ուղարկված սնունդը, հագուստը, բժշկական պարագաները, երեխաների նամակները հայտնվել գեներալի պահեստներում: Սա հարց է, որ միայն Մանվել Գրիգորյանին չի վերաբերում: Եթե նա սկսի խոսել, տասնյակ մարդիկ պիտի պատասխան տան: Նախկին ու դեռ ներկա պաշտոնյաներ: Հայաստանում ու Արցախում: Նիկոլ Փաշինյանը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց այս պատմության մեջ կոռուպցիան ամենաանմեղ դրվագն է: ԱԱԾ-ի կադրերը սպառիչ են, բայց բազում հարցեր են հարուցում: Մեկնաբանությունը, որ զինվորներին ուղարկված սնունդը հայտնվել է գեներալի պահեստներում նրա գազաններին կերակրելու համար, չի բացատրում, թե ինչպես է 2016-ի ապրիլից մնացել մինչև 2018-ի հունիս, և ինչպե՞ս են գազանները խտացրած կաթ ու մսի պահածո ուտելով` ողջ մնացել: Այս ամենում ինչ-որ հանելուկ կա, որ ճիշտ պատասխան է ուզում: Մանվել Գրիգորյանին չարիքի արմատ դարձնելը միամտություն է, մեղսագրվող հանցագործության մասշտաբները ցույց են տալիս, որ տասնյակ մարդիկ են ներգրավված եղել և պետք է կանգնեն օրենքի առաջ` նրա հետ ու նրա պես: Եթե դատարանը Մանվել Գրիգորյանին ներկայացված մեղադրանքը համարի ապացուցված, իսկ նման իրեղեն ապացույցների դեպքում ի՞նչ կարող են փաստաբաններն անել, ի՞նչ է սպասում գեներալին: Քրեական օրենսգրքի ինչ-որ հոդված, իհարկե, ունի հարցի պատասխանը` որոշակի թվով տարիների ազատազրկում, ունեցվածքի բռնագրավում և այլն, և այլն: Դա հարցի քրեական պատասխանն է: Կան բարոյականը և քաղաքականը:
Բարոյականի համար մեղավոր ենք բոլորս, որ թույլ ենք տվել մեր երկիրը վերածել, նույնիսկ ճիշտ բառը գտնելն է անհնար, թե ինչի: Եվ նույն այդ բարոյական կողմը պահանջում է պատմությունը չավարտել մեկ գեներալով` նա միակը չէ, ու եթե օրենքը գործում է բոլորի համար, անձեռնմխելիներ չկան: Երբ Մանվել Գրիգորյանը Արցախում պատերազմում էր, Երևանում ու Ռուսաստանում այլք բիզնես էին անում ու թիկունքի մկան պես հարստություն դիզում, նրանք նույնպես պիտի պատասխան տան: Սեփականության իրավունքը ոչ ոք չի բեկանել և սեփականության նկատմամբ ոտնձգություն չի պահանջում: Խնդիրը սեփականության ձեռքբերման օրինականությունն է: Մթնոլորտը, որ շուրջբոլորն ապականում է, աղավաղում մարդկանց հոգեբանությունն ու մտածողությունը, մարդու մեջ սպանում մարդուն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում