Լրահոս
Օրվա լրահոսը

Ճզմե՛ք հրեշին

Հունիս 19,2018 22:00

Հայ Առաքելական եկեղեցու բազմադարյա խորհրդանիշ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայր Էջմիածնում եւ գեներալ Մանվել Գրիգորյանի ահռելի ամառանոցում ծավալված սահմռկեցուցիչ եւ զազրելի իրադարձություններից Հայաստանի հանրությունը շոկի մեջ է։

Գեներալ, Արցախի հերոս, Երկրապահ կամավորականների միության նախագահի առանձնատանը եւ ամառանոցում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակի հրազեն, նույնը՝ նրա «ընդդիմախոս», քրեական հեղինակության համարում ունեցող, Ռուսաստանի քաղաքացի, ինչպես ռուսական մամուլն է նշում՝ «հայտնի ռուսաստանյան գործարար» Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» առանձնատանը։

Ի սկզբանե նոր կառավարությունն այս քայլով կանխեց երկու՝ մինչեւ ատամները զինված խմբավորումների բախումը Սուրբ քաղաքում, սակայն դրա հետ մեկտեղ հրապարակված տեսանյութերը վեր հանեցին տարիներով հատակն իջած «նստվածքը»։

Իհարկե, հարգելով անմեղության կանխավարկածը, արժե ձեռնպահ մնալ նաեւ հուզական զեղումներից, որոնք առանց այն էլ, մեղմ ասած, քիչ չեն առօրյա խոսակցություններում, մամուլում կամ սոցիալական ցանցերում, եւ այդ տրամադրությունը միանգամայն հասկանալի է եւ հնարավոր չէ չկիսել։
Խնդիրն ավելի ընդհանրական է։ Անկախ Հայաստանում կրիմինալն իր «հեղինակությամբ» եղել է իշխանության հենարան, կոռուպցիայի մասնակից եւ վերարտադրության էական գործոն։ Ուշադրություն դարձրեք նախորդ նախադասության՝ չակերտների մեջ ներառած բառին՝ «հեղինակություն»։ Այդ դերն այդքան բարձր եւ կարեւոր չէր լինի, եթե չլիներ այդ «հեղինակությունը», որը գալիս է հասարակության ձեւախեղված պատկերացումներից։

Բազմիցս չարչրկված միտք է, որ դարերով զուրկ լինելով սեփական պետությունից, ապրելով օտար, թշնամական պետություններում՝ հայ համայնական միտքը ներառել է բազմաթիվ առասպելներ՝ կապված «ազնիվ ղաչաղի» (թուրքական միջավայրում) եւ «օրենքով գողի» (ռուսական միջավայրում) կերպարների հետ, որոնք նույնացվում են քաջության, արդարամտության, ճարպկության, բռնությանը չենթարկվելու եւ թույլերին պաշտպանելու պատրաստակամության հետ, նույնիսկ երբ նրանք անխուսափելիորեն վերածվում են մեծագույն չարիքի թե՛ հենց իրենց, թե՛ իրենց մերձավորների, թե՛ իրենց հայրենակիցների համար։
Դա միայն հայերին բնորոշ չէ։ Ուղղակի նայեք բազմաթիվ բալկանյան ժողովուրդների պատմությունը կամ միայն վերջին մեկուկես դարը որպես կենտրոնացված եւ միասնական պետություն գոյություն ունեցող Իտալիան, որտեղ «ավանդական» քրեական խմբավորումներ կան ոչ միայն Սիցիլիայում, այլեւ հարավային մարզերից յուրաքանչյուրում՝ Նեապոլում, Կալաբրիայում եւ այլն, կամ հենց Հռոմում, որտեղ կան նույնիսկ գրպանահատների դինաստիաներ, որոնք սկիզբ են առնում դեռ միջնադարից։

Բարեբախտաբար, հայկական համայնական միջավայրը բնականից այդ աստիճան քրեականացված չէ, եւ մաֆիայի, առանձին վերցրած, «ծեսերով» համեմված ավանդույթներ մեր հասարակության մեջ առանձնապես չկան։ «Թաղային հեղինակության» ինստիտուտը եթե չի պաշտպանվում իշխանության կողմից, ապա մեծ հաշվով այն առանձնապես կենսունակ չէ եւ իմաստ չունի։ Համենայնդեպս, դրա անհրաժեշտությունը միջին վիճակագրական հայկական համայնքը չի զգում։ Օրինակը՝ մեծաքանակ հայկական համայնքներն ԱՄՆ-ում։ Այնտեղ ինքնակոչ «հեղինակությունները», որոնք փորձում են քրեական «հարկման դաշտ» բերել արյունակիցներին, կարճ ժամանակ անց հայտնվում են բանտերում, քանզի պետությունը չի խրախուսում, իսկ պետության հետ հայկական ծագմամբ քաղաքացու շփումը տեղի է ունենում օրենքի դաշտում։

Այլ է Ռուսաստանի պարագան։ Եվ երկու դար լինելով այդտեղ տիրող եւ պետության կողմից խրախուսվող բարքերի «մշակութային դաշտի» տիրույթում՝ հայ համայնական մտածողությունը որոշակի բեկման է ենթարկվել։ Կրիմինալ կապիտալիզմը, որը բյուրեղացել ու մոնոպոլիզացվել է Պուտինի նախագահության օրոք, ի՛ր հերթին է այն բեկել՝ առաջ բերելով «հեղինակավոր բիզնեսմենի» կերպարը՝ իր չեկիստական նրբերանգներով, առաջ բերելով նույնիսկ համապատասխան երաժշտական «մշակույթը»՝ բանտային կյանքի «ռոմանտիզմը», բարոյականությունը, քրեականի «ճիշտը» գովերգող պարզունակ երգերը, որոնք, չգիտես ինչու, սկսել են կոչել ֆրանսերեն բառով՝ «շանսոն», որն առաջ կոչվում էր «բլատնոյ»։

Այսօր երեւանյան ռադիոեթերով հատուկ՝ ռուսական «բլատնոյ» կայան է աշխատում շուրջօրյա ռեժիմով, որի հեռարձակած «երգարվեստը» պարբերաբար հնչում է երեւանյան տաքսիներում եւ երթուղայիններում, քրեական բարքերը զգալի տեղ են զբաղեցնում արդեն դպրոցում, նաեւ բակերում, փողոցում՝ անցնելով ուսումնական հաստատություններ, զորամասեր։ Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու տարբեր գումարումների կազմում հրապարակայնորեն հանդես եկող տարբեր անձինք, որոնք «առավել հաջողակների» համբավ են ձեռք բերել որոշակի շրջանակներում, նույնպես «փայլել են» այդպիսի մտածողությամբ։ Հենց իրենք՝ ոստիկանները, ՔԿՀ աշխատակիցները տարիներով շատ բանով չեն տարբերվել… Նույն բառապաշարին լավագույնս տիրապետում են ընտրական հանձնաժողովներում, համատիրություններում եւ այլն։
Այսինքն՝ մենք գործ ունենք հանրային մտածողության լուրջ դեֆեկտի հետ, որին Անկախ Հայաստանի առաջին իշխանությունը բախվեց դեռ վաղ 90-ականներին եւ ստիպված եղավ բավականին կոշտ մեթոդներով դիմագրավել կրիմինալին եւ քրեական մտածողությանը։ Ռուսաստանում տեղի ունեցած անցումը բանդիտական կապիտալիզմից պետական բանդիտիզմի իր ազդեցությունը թողեց նաեւ հայկական միջավայրում եւ Հայաստանի Հանրապետությունում, ազդեցություն, որը սնուցվում էր նաեւ զանգվածային աշխատանքային միգրացիայով Հայաստանից Ռուսաստան՝ ընդհատվելով «ծիրանի սեզոնին» տուն վերադառնալով։
Նոր իշխանությունները ձեռնամուխ են եղել կոշտ պայքարի ընդդեմ կրիմինալի եւ կոռուպցիայի, որոնք հայտնի սերտաճումների պայմաններում քայլում են կողք կողքի, եւ փողկապները ոչ ոքի չեն տպավորում, նրանք քողարկում են հրեշին, որին պետք է նախ ճզմել եւ տրորել օրենքով չարգելված բոլոր եղանակներով։

Սակայն լուրջ խնդիր է մնում հասարակության նշանակալի սեգմենտի մտածողության դեֆորմացիան, որից կրիմինալը մշտապես սնուցվում է։ Ցավոք, Հայաստանում կրթական համակարգը, արվեստը եւ ԶԼՄ-ներն այդ իմաստով իրենց բարձրության վրա չեն։ Լրագրողներից եւ արվեստի գործիչներից շատերն առանց կարմրելու կարող են գովերգել ինչ-ինչ մութ, բայց «հեղինակավոր» անձանց, ներկայացնել նրանց որպես բարեգործներ, մեկենասներ, «արվեստ գնահատողներ» կամ ուղղակի «լավ տղերք»։ Հասարակության մեջ առայժմ չկա պահանջվող, հասուն հանրությանը բնորոշ ալերգիան եւ զզվանքը կրիմինալի նկատմամբ։
Ոմանք կսրտնեղեն եւ կոչ կանեն «ըմբռնումով մոտենալ մեր որոշ հայրենակիցներին», որոնք խնդիր ունեն օրենքի հետ, բայց «հայրենասեր են», նույնիսկ «հավատացյալ» եւ «ազնիվ», կամ «ավելի լավն են, քան որոշ իշխանավորներ», կբերեն Ֆրենկ Սինատրայի օրինակը…

Նոր Հայաստանին նաեւ նոր բարքեր են անհրաժեշտ, եւ այդ նոր բարքերն են թելադրելու քաղաքականության, տնտեսական գործունեության, արդարադատության, մարդկային հարաբերությունների նոր՝ չգրված օրենքներ, առանց որոնց նույնիսկ ամենաժողովրդավարական՝ գրված օրենքներն աշխատել ուղղակի չե՛ն կարող, եւ կփչանա եւս մեկ սերունդ, իսկ երկիրը եւս երկու տասնամյակ կմնա ճահճում։
…Ի դեպ, կրիմինալի «ազնվության» մասին։ Ամենատաղանդավոր հակակրիմինալ ստեղծագործության՝ «Կնքահայրը» գրքի եւ նույնանուն կինոնկարի սցենարի հեղինակ, իտալական ծագմամբ ամերիկացի գրող եւ հրապարակախոս Մարիո Պյուզոն 1972 թվականին խոստովանել է. «Ես ամաչում եմ խոսել դրանից, բայց «Կնքահայրը» ես գրել եմ բացառապես նրանից, ինչը կարողացա գտնել այլ գրականության մեջ։ Ես երբեք չեմ հանդիպել իսկապես ազնիվ գանգստերի»։

Հիմնավոր է այն տպավորությունը, որ Հայաստանում բավականին հայտնի դարձած այդ ստեղծագործությունը շատերը նույնիսկ չեն էլ հասկացել։ Դե, մտածողությունը դա թույլ չի տալիս։ Հեշտ գործ չէ, բայց ակնհայտ է, որ փոխել է պետք, քանզի ազգային անվտանգության խնդիր է։ Իսկ այսօր պետք է ճզմե՛լ հրեշին. մենք կրիմինալի որջի վերածելու հայրենիք չունե՛նք։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

19.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930