Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշտանգման գործով հարուցված առաջին քրեական գործը շարունակվում է շուրջ վեց ամիս

Հունիս 19,2018 10:09

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, շուրջ վեց ամիս ընթանում է Գերասիմ Մարդանյանի դատավարությունը։ Գ. Մարդանյանը մեղադրվում է 2017 թվականի հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի շենքում Ժորա Սիմոնյանին խոշտանգելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով՝ «Խոշտանգումը»):
Հիշեցնենք, որ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի ծառայողները 2017 թվականի հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ Վահրամ Սիմոնյանին ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Իջեւանի բաժին: Ոստիկանության աշխատակիցների պահանջով Վ. Սիմոնյանի եղբայրը՝ Ժորա Սիմոնյանը, ոստիկանության Իջեւանի բաժին է տեղափոխել եղբոր վարած ավտոմեքենան, որից հետո ոստիկանները նրան ուղեկցել են Իջեւանի բաժնի աշխատասենյակներից մեկը:
Այնուհետեւ աշխատասենյակ է մտել հիշյալ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գերասիմ Մարդանյանը եւ ենթադրելով, որ Ժորա Սիմոնյանը նույնպես մասնակցել է ապօրինի ծառահատմանը, եղբոր հետ գտնվել է նույն ավտոմեքենայում ու չի ենթարկվել ավտոմեքենան կանգնեցնելու` ոստիկանների պահանջին, այդ արարքի համար պատժելու նպատակով խոշտանգել է վերջինիս. ապտակել է դեմքին, ոտքերով հարվածել որովայնին եւ ոտքերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Ժորա Սիմոնյանը ստացել է որովայնի փակ տրավմա՝ փափուկ հյուսվածքների սալջարդ, աջ սրունքի քերծվածքներ, որոնք հասցվել են բութ առարկայով:
Ժորա Սիմոնյանի շահերի պաշտպանությունը ստանձնել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն: Կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանը Ժորա Սիմոնյանի ներկայացուցիչն է դատարանում։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի հոգեբանը եւս աշխատում է Ժորա Սիմոնյանի հետ։
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն իրականացնում է նաեւ նշված դատական գործի մշտադիտարկում։ Շուրջ վեց ամիս ընթացող դատական նիստերի մշտադիտարկման արդյունքում կազմակերպության դիտորդները արձանագրել են մի շարք դատավարական խախտումներ, մասնավորապես՝ մեղադրյալի պաշտպանի կողմից, ինչին արձագանքել են թե՛ մեղադրող դատախազները եւ թե՛ տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը։ Մշտադիտարկման ընթացքում կազմակերպության կողմից արձանագրվել են նաեւ լրատվամիջոցներով տարածված հրապարակումներ, որոնցում խեղաթյուրվել են դատական նիստի ընթացքում տեղի ունեցած փաստերը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ընդդեմ իրավական կամայականության հ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930