Ֆիզիկական օրենքները չեզոք են բոլոր տեսակի բարոյական, քաղաքական, «տղայական» եւ կենցաղային գնահատականների հանդեպ: Ձգողականության ուժը նույն ձեւով գործում է Երեւանում եւ Գլենդելում, ազդում է լավ եւ վատ մարդկանց, հարուստների եւ աղքատների, չարագործների եւ բարեգործների վրա: Մոտավորապես նույն ձեւով ես պատկերացնում եմ պետության օրենքները: Եթե, օրինակ, ապօրինի զենք պահելը դատապարտելի է գեներալ Մանվելի դեպքում, ապա դա նույնքան դատապարտելի է ՊՊԾ գնդի վրա հարձակվողների, ինչպես նաեւ Դոն Պիպոյի, Ծառուկյանի, Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների ու ցանկացած այլ քաղաքացու պարագայում: Լավ մարդ-վատ մարդ, ազգի նվիրյալ-ազգի տականք, մարդակեր-մարդասեր, ապստամբ-ոչ ապստամբ, «ինչ անըմ ենք, ազգի հմար ենք անըմ» տիպի արտահայտություններն ու դատողությունները թեեւ կարող են հետաքրքրական թվալ, բայց չեն կարող ազդել օրենքի կիրառման վրա:
Եթե լինի այդ գիտակցությունը, ապա մենք իսկապես կապրենք «նոր Հայաստանում»: Եթե լինեն ինչ-ինչ պատճառներով պայմանավորված «բացառություններ», ապա մենք կշարունակենք ապրել «հին Հայաստանում», որտեղ կլինի անպատժելիների «կաստա», որի ամենավառ ներկայացուցիչն է Մանվել Գրիգորյանը: Կադրերը եւ տեղեկությունները, որոնք տարածել է ԱԱԾ-ն, շոկային են, բայց մի կողմ դնելով արդարացի ցասումը՝ պետք է հասկանալ, թե ինչպես է այդ անձը հասել նման պաթոլոգիկ վիճակի, որովհետեւ այդ տեսակի ագահությունը, սրբություններ ու բարոյական արգելքներ չունենալը չի կարող լինել «ի ծնե», դա տասնամյակների ընթացքում «ազգի հմար» ինչ-որ բաներ անողների համար «բացառություններ» անելու հետեւանք է:
Ինչպե՞ս եղավ, որ դեռեւս պատերազմի ժամանակ ՀՀՇ-ն հայտարարեց, որ ունի ռազմականացված թեւ, կարո՞ղ է արդյոք կուսակցությունը ռազմականացված թեւ ունենալ: Ինչպե՞ս եղավ, որ 1994 թվականից սկսած երկրապահներին թույլատրվեց ամեն ինչ, այդ թվում՝ մարդկանց ծեծել ու ստորացնել, տրվեցին «բիզնեսներ», որոնք նրանք վարում էին ամենեւին ոչ բիզնես-օրենքներով: Ինչպե՞ս եղավ, որ երկրապահները ակտիվ մասնակցություն ունեցան 1996 թվականի ընտրությունների ընթացքում եւ դրանից հետո տեղի ունեցած բռնություններին: Ինչպե՞ս եղավ, որ հոկտեմբերի 27-ից հետո բոլորը սպասում էին ընդդեմ Քոչարյանի երկրապահների հայտարարությանը, իսկ այնուհետեւ Մանվել Գրիգորյանը դարձավ պաշտպանության փոխնախարար: Ինչպե՞ս պատահեց, որ 2008 թվականին ընդդիմադիր զանգվածը «Ման-վել, Ման-վել» էր վանկարկում՝ հույս ունենալով, որ ամենազոր գեներալը կանցնի ընդդիմության կողմը: Վերջապես, ինչպե՞ս պատահեց, որ Էջմիածնում համընդհանուր ատելության արժանացած մարդը դարձել է Ազգային ժողովի պատգամավոր: Այդ աստիճանի անպատժելի կրիմինալը հենց այնպես չի ծնվում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ինչ լաւ բան է հարցերու մանրամասնութեան տեղեակ ըլլալ ապա կարծիք յայտնել կամ լռել ;
Այո՝ ՀՀՇ-ական, «Էջմիածինցի» Մանվելը համակարգի ծնունդ է: Այդ հանցավոր համակարգի հիմնադիրներն էին գեղցիների մի խումբ՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Սարգսյան…
Ինչու՞ Փաշինյանը պետական հատուկ ծառայություններին չի հանձնարարում հետաքննել պետության դեմ գործած տնտեսական հանցագործությունները:
Հայցվոր պետք է լինի կառավարությունը: Սկսեք վաշխառուներից՝ «պետական» կենտրոնական եւ գրպանային բանկերից:
Վաղը ուշ կլինի:
ինչո՞ւ ուշ կը լինի, Ռուբէն… ըստ երեւոյթին, այս օրինական մաքրագործումը հանգրուանային ընթացք ունի… դեռ անշուշտ նուազագոյն, ինքնին գրեթէ մաիյն ձեւակերպական հանգրուանն ենք տեսնում այս պահին… եթէ սակայն շարունակուի, եւ հասնի մինչեւ ծայր, աւելի արդիւնաւետ կը լինի, քան թէ եթէ «վերէն» սկսէր… սա օրինական հետապնդումների դասական եւ լաւագոյն ընթացքն է… պայմանաւ որ շարունակուի, եւ հասնի իր ամբողջական աւարտին… կը մնամ թերահաւատ, որովհետեւ սա ենթադրել կու տայ թէ, Վարչապետից անդին, Խմբագրին վերեւ նշած այդ ամբո՜ղջ համակարգի բոլոր դերակատարները, մի քանի շաբաթների մէջ, այլափոխուեցին…
Փաշինյանը ձու գողացողներին է ցուցադրում:
Ձի գողացողներին ցուցադրելու համար «դուխը» չի հերիքում:
Ազգային անվտանգության ծառայությունն էլ դարձել է «ОБХСС» (Отдел по борьбе с хищениями социалистической собственности): Հասեք, թալանվեց պետության գանձարանը…
եթէ օրինական մաքրագործումը միայն այս – ֆոլկլորիկ, կրկեսային – մակարդակով պիտի սահմանափակուի, դա ոչ միայն ապարդիւն է, այլ ձեռնտու ալ կը լինի՝ աւելի մեծ, աւելի ծանր եւ աւելի լուրջ պատասխանատուութիւններ կրող անձերի համար…