Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արձանագրվել են մի շարք դատավարական խախտումներ՝ մեղադրյալի պաշտպանի կողմից

Հունիս 18,2018 23:30

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում hունիսի 15-ին կայացավ ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանի դատավարության հերթական նիստը: Գ․ Մարդանյանը մեղադրվում է 2017 թվականի հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջևանի բաժանմունքի շենքում Ժորա Սիմոնյանին խոշտանգելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով՝ «Խոշտանգումը»):

Հիշեցնենք, որ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի ծառայողները 2017 թվականի հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ Վահրամ Սիմոնյանին ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Իջևանի բաժին: Ոստիկանության աշխատակիցների պահանջով Վ. Սիմոնյանի եղբայրը՝ Ժորա Սիմոնյանը, ոստիկանության Իջևանի բաժին է տեղափոխել եղբոր վարած ավտոմեքենան, որից հետո ոստիկանները նրան ուղեկցել են Իջևանի բաժնի աշխատասենյակներից մեկը:

Այնուհետև աշխատասենյակ է մտել հիշյալ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գերասիմ Մարդանյանը և ենթադրելով, որ Ժորա Սիմոնյանը նույնպես մասնակցել է ապօրինի ծառահատմանը, եղբոր հետ գտնվել է նույն ավտոմեքենայում ու չի ենթարկվել ավտոմեքենան կանգնեցնելու` ոստիկանների պահանջին, այդ արարքի համար պատժելու նպատակով խոշտանգել է վերջինիս. ապտակել է դեմքին, ոտքերով հարվածել որովայնին և ոտքերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Ժորա Սիմոնյանը ստացել է որովայնի փակ տրավմա՝ փափուկ հյուսվածքների սալջարդ, աջ սրունքի քերծվածքներ, որոնք հասցվել են բութ առարկայով:

Նիստում ցուցմունք տվեցին վկաներ, տուժող Ժորա Սիմոնյանի մայրը՝ Գրետա Ղալումյանը, եղբայրը՝ Սասուն Սիմոնյանը, Այգեհովիտ գյուղի բնակիչ Խաչիկ Ղարագեդյանը, ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցը:

Արայիկ Հարությունյանը, ով 2017թ. հոկտեմբերի 4-ին ինքն է եղել ոստիկանության Իջևանի բաժնի հերթապահը, երբ բաժին բերման են ենթարկվել Վահրամ և Ժորա Սիմոնյանները չկարողացավ պատասխանել մեղադրական կողմի ներկայացուցիչ ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության դատախազ Վարդգես Սարգսյանի այն հարցին, թե որն է արտաքին զննությունը և թե ինչպես է արտաքին զննման ենթարկել Ժորա Սիմոնյանին։ Արայիկ Հարությունյան չկարողացավ անգամ թվարկել, թե որոնք են բաժնի հերթապահի պարտականությունները և իրավունքները։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն իրականացնում է նաև նշված դատական գործի մշտադիտարկում։ Շուրջ վեց ամիս ընթացող դատական նիստերի մշտադիտարկման արդյունքում կազմակերպության դիտորդները արձանագրել են մի շարք դատավարական խախտումներ մասնավորապես՝ մեղադրյալի պաշտպանի կողմից, ինչին արձագանքել են թե՛ մեղադրող դատախազները և թե՛ տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը։ Մշտադիտարկման ընթացքում կազմակերպության կողմից արձանագրվել են նաև լրատվամիջոցներով տարածված հրապարակումներ, որոնցում խեղաթյուրվել են դատական նիստի ընթացքում տեղի ունեցած փաստերը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930