ՀՀԿ խմբակցությունը դեռ քննարկում չի արել, թե վաղն ինչպես է քվեարկելու խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով:
Հիշեցնենք, որ նախօրեին, հատուկ գործողության արդյունքում ԱԱԾ-ն ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը եւ առանձնատանը հայտնաբերել է զենք, եւ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ դպրոցականների կողմից զինվորների համար հավաքված սնունդ, դեղորայք, հիգիենայի պարագաներ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր ուշ երեկոյան կամ վաղն առավոտյան խմբակցությունում քննարկումները վերջնական տեսքի կգան:
Խմբակցությունում կան տարբեր կարծիքներ, ինքը ոչ բոլորի հետ է խոսել, բայց ում հետ, որ խոսել է`չի բարձրաձայնի, քանի որ այդ մարդիկ դեռ հրապարակային չեն հայտնել իրենց կարծիքը: Ինքը`Էդուարդ Շարմազանովը, կարծում է, որ իրավապահներին, օրենքի սահմաններում, ազատ գործելու հնարավորություն պետք է տալ: Մյուս կողմից էլ`պետք է հարգվի անմեղության կանխավարկածը:
Էդուարդ Շարմազանովն, ի դեպ, քվեարկությանը չի մասնակցելու: Մի քանի ժամից մեկնելու է Ալբանիա. Տիրանայում տեղի է ունենալու ՀՀ-ի նախագահության ստանձնումը Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում: ՀՀ-ն այս միջոցառմանը պետք է ներկայացված լինի առնվազն խորհրդարանի փոխնախագահի մակարդակով:
«Մի քանի անգամ առիթ եղել է նման քվեարկությունների մասնակցելու: Կան հարցեր, որտեղ ընդդիմություն եւ իշխանություն չկա: Աստված մի արասցե, եթե մի օր ինձ համար էլ նման հարցով գան, բնականաբար, իրավապահներին պետք է հնարավորություն տալ`օրենքի ողջ ազատությամբ իրականացնել քննությունը: Իմ մոտեցումը պայմանավորված չէ անձով: ԱԺ-ն չպիտի կաշկանդի քննություն իրականացնելու համար: Իրավապահներն ու հասարակությունն էլ անմեղության կանխավարկածը չպետք է խախտեն»,- ասաց մեր զրուցակիցը:
Ի դեպ, քիչ առաջ հայտնի դարձավ, որ Մանվել Գրիգորյանն ինքն է դիմել ԱԺ նախագահին`խնդրանքով, որ առանց իր ներկայության խորհրդարանը զրկի իրեն անձեռնմխելիությունից եւ հնարավորություն տա իրավապահներին`լիարժեք քննություն իրականացնել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ