Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KFW) Միջին Ասիայի ու Հարավային Կովկասի տարածաշրջանի համակարգող Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է բանկի հետ համագործակցության ակտիվացումն ու զարգացումը՝ ընդգծելով վերջինիս կարևոր դերակատարությունը մեր երկրի տնտեսության տարբեր ճյուղերում: Նիկոլ Փաշինյանը շեշտել է համատեղ վարկային ծրագրերի արդյունավետության բարձրացման և ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: Գործադիրի ղեկավարը հյուրերին ներկայացրել է կառավարության գործունեության առաջնահերթությունները, նախաձեռնած բարեփոխումները, մասնավորապես` բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Ընդգծելով, որ Հայաստանի հետ գործընկերությունը նպաստում է հայ-գերմանական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը՝ Օլաֆ Զիմելկան հավելել է, որ Գերմանական զարգացման բանկը պատրաստ է նպաստել փոխգործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում ընթացիկ, ինչպես նաև ապագա ծրագրերին վերաբերող հարցեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ