Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր Գարո Փայլանը հարցազրույց է տվել թուրքական «Bianet» լրատվամիջոցին: Ի թիվս այլ հարցերի՝ այդ ընթացքում խոսել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ելք» խմբակցության մասին։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները (թավշյա հեղափոխություն-խմբ), Փայլանը մասնավորապես ասել է.
«Ես 2017թ. սեպտեմբերին մեկնեցի Հայաստան և հանդիպումներ ունեցա մի շարք պաշտոնյաների հետ։ Ասացի, որ ցանկանում եմ հանդիպել Հայաստանի բոլոր կուսակցությունների և խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Դրանց թվում էր նաև «Ելք» խմբակցությունը, որի առաջնորդը Փաշինյանն էր։
Ինձ ասում էին, որ «Ելք»-ը խորհրդարանական փոքրաթիվ խմբակցություն է, և հանդիպման անհրաժեշտություն չկա։ Բայց ես չհամաձայնեցի:
Պարզվեց, որ նրանք շատ լավ գաղափարներ են դավանում, մոտ են իմ կուսակցության գաղափարախոսությանը: Նրանք այնպիսի քաղաքական ուժ են, որը կողմ է արդարությանը, իրավահավասարությանը և պաշտպանում է կանանց իրավունքները։ Երկար հանդիպում ունեցա Փաշինյանի հետ։
Իհարկե, ես չէի սպասում, որ այս ամենն այսքան արագ կլինի: Ընդամենը մի քանի ամիս անց իսկապես դեմոկրատական հեղափոխությամբ, առանց արյուն թափելու նրանք եկան իշխանության։ Փաշինյանը Հայաստանի արժանավոր առաջնորդն է: Շատ երջանիկ եմ և շնորհավորում եմ իրենց։ Իրենք էլ են ցանկանում, որ Թուրքիայի հետ սահմանները բացվեն առանց նախապայմանների։ Հույս ունեմ, որ Թուրքիայում էլ ժողովրդավարական իշխանության առկայության դեպքում անհապաղ կբացվեն սահմանները Հայաստանի հետ»։
Աղբյուր` Bianet