Այսօր արվեստի վաստակավոր գործիչ Վահե Շահվերդյանը մշակութային քաղաքականության թեմայով ԱԺ լսումների ժամանակ ասաց. «Մտածում էի՝ խոսեմ, չխոսեմ, հարց տամ, չտամ, որովհետեւ կներեք, վերջին 10 տարիների ընթացքում մշակույթի նախարարությունում այնպիսի խայտառակ բաներ են կատարվել, որ եթե մի օր էլ, ինչպես երեկ Մանվել Գրիգորյանի դեպքում, անդրադառնան մշակույթի նախարարությանը, չզարմանաք»:
Շահվերդյանն ասաց. «Թատերական գործիչներին առանձնապես ոչ ոք բանի տեղ չի դրել, սա՛ է ճշմարտությունը: Մենք էլ առանձնապես չենք պայքարել, որովհետեւ անիմաստ ենք գտել պայքարը»:
Լսումներին մասնակցում էին մշակույթի 2 երիտասարդ փոխնախարարները, նախարարը չէր եկել: Մշակույթի գործիչները չէին ուզում փոխնախարարներին հարցեր ուղղել՝ ասելով, թե 1 շաբաթվա փոխնախարարին ի՞նչ հարց տանք, անիմաստ է, առնվազն 6 ամիս է իրենց պետք, որ հարց տանք, կարողանան պատասխանել:
Մշակույթի նախարարության ներկայացուցիչներից մեկն ասաց, որ այս լսումները դավադրություն է՝ երիտասարդ փոխնախարարների դեմ, կանչել են, բարդ ստորադասական նախադասություններ են ասում, հարցեր են տալիս, որոնց պատասխանները քաղաքական նույն գործիչներն իրենք էլ չունեն ու փորձում են «աչոկներ հավաքել»: Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց. «Որեւէ մեկին պոդստավկա անելու խնդիր չենք դրել»:
Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը բողոքեց, թե մոռացել են ինչի համար են հավաքվել: Նա մշակութային հիմնահարցերի մասին ելույթ ունեցող ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանին հիշեցրեց, որ ՀՅԴ-ն իշխանական կոալիցիայի մեջ է եղել եւ մշակույթի ոլորտում «կատաստրոֆայի» համար իրենք էլ են պատասխանատու. «Կինոարտադրությունը կատաստրոֆիկ վիճակում է, դուք դրա մասին չեք խոսել երբեք: Իսկ լսումները ոչ թե նրա համար են, որ քննարկենք այդ թեման, այլ ընդամենը խայծ է, որպեսզի մենք մասնակիցը դառնանք վաղաժամ ընտրական քարոզարշավի»: Երիտասարդ կինոքննադատը դահլիճում արժանացավ ծափերի, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ձեր PR կամպանիան ձեր կարծիքով ստացվեց, մեր կարծիքով՝ ոչ»: Վարդան Բոստանջյանն էլ ասաց. «Դուք կարծում էիք, թե պետք է գայիք ստեղ կինո նայեիք ու քննադատեի՞ք, դուք ոչ մի բան չեք հասկացել այստեղից»:
«Միացյալ առաջնորդների պալատ» երիտասարդական ՀԿ նախագահ Լիաննա Մանուկյանը, նկատի ունենալով մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի այն խոսքերը, որ «մշակույթը ես եմ», նրան հեգնեց. «Որպես հորդոր, խնդրանք, ՀԿ ներկայացուցիչներն ունեն հարցեր՝ հենց նախարարին դիմելու, խնդրում եմ, մի՛ եղեք այդքան էգոիստ, փորձեք ձեր հոգում եղած մշակույթը նաեւ կիսվել մեզ հետ»:
Երաժշտագետ Մհեր Նավոյանը փոխնախարարներից մեկին՝ Տիգրան Գալստյանին հարցրեց՝ նախկին նախարարը ոլորտը առեւտրայնացնելու քաղաքականություն բերեց, շարունակելո՞ւ եք այդ քաղաքականությունը: Փոխնախարարը պատասխանեց. «Ոչ, որովհետեւ արվեստի մեջ կան բաներ, որոնք շահութաբեր չեն, բայց հարկավոր են ազգային մշակույթը զարգացնելու համար»:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր ելույթում դժգոհեց՝ Երեւանը գրքի քաղաք հայտարարվեց, հետո՞ ինչ եղավ, ժամանակակից գրողների ստեղծագործություններ այդ ծրագրից դուրս մնացին եւ ժամանակակից գրողը հայտնվեց էլի նույն աղքատ բարեկամի վիճակում:
Կարինե Աշուղյանն ասաց, որ բոլորը գիտեն ստեղծագործական միությունները ինչ նպատակով են ստեղծվել, բայց դրանք մերժելը սխալ կլինի, պարզապես այդ միություններին պետք է նոր շնչառություն տալ, հնարավորություն տալ նորովի աշխատելու: Հետո տիկին Աշուղյանն անկեղծանալով՝ մի դրվագ պատմեց. «Տարիներ առաջ իմ գիրքը ներկայացրեցի նախագահի մրցանակի, չեմ ասի այդ մարդու անունը, որն ինձ զանգահարեց, հանձնաժողովի նախագահն էր, առանց ինձ ճանաչելու՝ ասաց, որ վերջին տարիներին այդպիսի պոեզիա չի կարդացել, ես հուզվեցի, շատ անկեղծ շնորհակալ եղա իրեն իր դրական գնահատականի համար, բայց ինքը վերջում ասեց՝ դա չի նշանակում, որ մրցանակը դու կստանաս, դա արդեն որոշված է: Իմ կողմից հարգված մարդ ստացավ, բայց իր վերջին գիրքը բոլորովին էլ ստեղծագործական վերելքի վկայություն չէր, որի համար իրեն արժեր մրցանակ տալ»:
Հրանտ Թոխատյանն ասաց. «Ես միայն գիտեմ, որ պետք է վարձ տամ, որ ներկայացումներս խաղամ, էլի չեմ բողոքում: Մշակույթի նախարարությունն անցյալ տարի բարձրացրեց էդ վարձերը, լավ արեցին, էնքան էլ հաճելի չէր, բայց…շատերը բեմից զրկվեցին»:
Թոխատյանն ասաց, որ նոնսենս է, երբ այսքան թատրոն ունենալով՝ իրենք ստիպված նոր բեմ են կառուցում, որ իրենց ներկայացումները խաղան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Թատրոնների գեղարվեստական մի շարք ղեկավարներ զբաղված են թալանով, ինչպես նաև տնօրեններ: Հարգելի նախարար, տեր կանգնեք, կործանում են հայոց թատրոնները: Քանի հաստիքի տակ են,ինչքան փող են ուտում, գնացեք ստուգեք: