Այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հարկային օրենսգրքում մի շարք փոփոխություններ եւ լրացումներ անելու կառավարության առաջարկը: ԱԺ բերված փաթեթում անձի անշարժ գույքի օտարման վերաբերյալ առաջարկվող հոդվածը, ըստ քննարկման մասնակիցների, տարընթերցման տեղիք է տալիս:
Մասնավորապես՝ մեկ տարում օտարվող 2 եւ ավելի գույքը հարկվում է, արդյոք սա արդարացի է: Քննարկման ԱԺ պատգամավորների մոտ կասկած էր առաջացել, որ միեւնույն տարում օտարվող մի քանի գույքերի դեպքում հարկվում է նաեւ առաջին օտարվածը, քանի հոդվածում է ավելացվել է՝ «առաջին գույք»:
Նախագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն այս առնչությամբ ասաց. «Սա հստակեցնող նորմ է: Երկու կանոն կա, առաջինը` ձեռնարկատիրական գործունեության առարկա դեռեւս կարող է համարվել 2-րդ եւ հետագա օտարումները: 2-րդ կանոնը՝ առաջին գույքը, եւ հետագայում ձեռքբերված գույքը պետք է իրացված լինեն միեւնույն հարկային տարում: Մենք սա կարգավորում ենք, որպեսզի դժգոհություններ չլինեն: Այսինքն՝ եթե ես նույն տարում մեքենա ձեռք բերեցի, 2-րդն էլ ու հետո սկսեցի վաճառել, առաջինը չի հարկվում, անկախ նրանից, թե որ ձեռք բերածն եմ վաճառում»:
Ապա` հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը պարզաբանում խնդրեց՝ «Բայց այստեղ գրված է՝ բացառությամբ չի հարկվում տնտեսական գործունեությամբ զբաղվողների այն դեպքերի, եթե այդ նույն տեսակի գույքի ձեռքբերում- օտարում տեղի է ունեցել նույն հարկային տարում»:
Փոխնախարարը կրկին հստակեցրեց՝ «Առաջին գույքի օտարումը չի հարկվում, չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն: Իսկ եթե միեւնույն հարկային տարում ձեռք է բերվի միեւնույն գույքից մի քանի հատ ու նույն տարում օտարվի, ապա 2-րդն ու դրանից հետո վաճառվողները պետք է հարկվեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ