Գյումրու ավագանու նիստին այսօր քվեարկության դրվեց նաև ԱԱԾ հանգուցյալ ղեկավար Գորիկ Հակոբյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու նախագիծը։ Նախաձեռնությունը ներկայացնող «ԳԱԼԱ» խմբակցությունից ելույթ ունեցավ Լևոն Բարսեղյանը։
Նա ասաց․«Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը կրելու համար ծնունդով գյումրեցի լինելը խիստ անբավարար է։ Գորիկ Գուրգենի Հակոբյանի կենսագրության մեջ այդ մի դրվագն է, որ համընկնում է Գյումրու պատվավոր քաղաքացու հնարավոր ինչ- ինչ չափանիշներին, բայց, ինչպես գիտեք, մեր պատվավոր քաղաքացիների ցանկում կան մարդիկ, որոնք գյումրեցի չեն։ Ապա ուրիշ էլ ի՞նչ, որ մի արժանիքի համար է էս մարդն արժանացել Գյումրու պատվավոր քաղաքացու կոչմանը։ Պատմական տեսանկյունից․ պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, երբ մարդիկ ինչ-որ մի ժամանակահատվածում մեկուսացվել են, հետո իրենց գործով, վարքով, բարքով ապացուցել են կամ իրենք փոխվել են, կամ սխալ են հերոսացվել։ Եվ հակառակը, շատ հնարավոր է։ Գորիկ Գուրգենի Հակոբյանի մասով ես շատ եմ որոնել հիմքեր հասկանալու համար, թե տեսնես Գյումրի քաղաքին բերած ի՞նչ օգուտների համար է այս մարդն արժանացել այդ կոչմանը։ Ի դեպ, սա տեղի է ունեցել 2006 թվականին Սերժ Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տալու հետ միաժամանակ՝ Ազգային ժողովի ընտրությունների նախօրեին։ Եվ որևէ ողջամիտ բացատրություն չեն գտել։
Հանգուցյալ լինելու հետ կապված, ես ամենասկզբում ասացի, որ մարդը կարող է լինել հանգուցյալ, բայց պատմությունը հանգուցյալ չի լինում, կոչումները հանգուցյալ չեն լինում։ Ես առաջարկում եմ այս խնդրին նայել պատմական իրադարձությունները կերտողի տեսանկյունից։ Մենք չանենք, հաջորդ սերունդներ են սա անելու»։
Լևոն Բարսեղյանը ներկայացրեց Գորիկ Հակոբյանի տված վնասները։
«Էն, որ ամբարտավան էր, ապացուցված է՝ տեսագրությունները կան, մարդիկ իրենց հարցով դիմում էին, ասում էր՝ ոչխար և այլն, էս հլը թողնենք, էմոցիոնալ էր, ինչ էր։ Գորիկ Գուրգենի Հակոբյանը եղել է Ազգային անվտանգության ծառայության պետ 2008 թվականի մարտի մեկին և Երևան փողոցներում Քոչարյան Ռոբերտի հրամանով և անմիջական ղեկավարությամբ իրականացրել է խաղաղ ցուցարարների կոտորած։ Առնվազն 10 հոգի գնդակահարվել է Երևանի փողոցներում, ինչ են արել այդ մարդիկ, ցույցի են մասնակցել, բողոքել են կեղծված ընտրությունների դեմ, 10-ից մեկը ոստիկան, մյուսը՝ զինվորական, 8-ը՝ շարքային քաղաքացիներ։ 130 հոգի քաղաքական բանտարկյալ է դարձել այդ ժամանակ, ձերբակալվել է մոտ 1500 ավելի մարդ, մոտ 150 հոգի մարմնական վնասվածք է ստացել։ Դրան հաջորդել է 380 հազար մարդու արտագաղթն անցած տաս տարիների ընթացքում։ Ոչ մեկը չի կարող լուրջ դեմքով հայտարարել, որ Գորիկ Գուրգենի Հակոբյանը՝ ԱԱԾ-ի պետը, կապ չունի այս ամբողջի հետ»,- ասաց Լևոն Բարսեղյանը։
Նա հիշեցրեց նաև, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը, խախտելով Սահմանադրությունը, 2008 թվականի մարտի1-ին Երևանի վարչական տարածքում արտակարգ դրություն մտցրեց, որը գործեց ողջ հանրապետության տարածքում։ Ըստ նրա, Գորիկ Հակոբյանի անմիջական հրամանատարությամբ և ղեկավարությամբ Հայաստանի բոլոր ԶԼՄ-ներում, տպարաններում մարտի մեկի երեկոյից «նստեցվել են» ԱԱԾ աշխատակիցներ, որոնք 20 օր շարունակ գրաքննել են ազատ խոսքը։ Նա նաև հիշեցրեց Վահան Մարտիրոսյանի դեպքը, որից ստորագրություն էր վերցվել երկրից չհեռանալու մասին, սակայն հասավ թշնամի երկիր ու ասուլիս տվեց։ Լևոն Բարսեղյանը սա ներկայացրեց որպես ԱԱԾ պետի հանցավոր անգործության արդյունք։
ԲՀԿ խմբակցության ավագանու տարեց անդամներից մեկը՝ Սուսաննա Աստոյանը նշեց, որ անձամբ է ճանաչել Գորիկ Հակոբյանին և հիշում է նրա ելույթը, որտեղ նա ոգևորված ասել է, թե կարողացա մի լավ բան անել իմ ծննդավայրին։ Նա չէր հիշում, թե կոնկրետ ինչ լավ գործի մասին էր խոսքը, սակայն հիշում էր, որ այդ գործը կապ ուներ նրան պատվավոր քաղաքացի շնորհելու հետ։ Տիկին Աստոյանն ասաց․ «Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք և մեռած մարդկանց համար կամ խոսում ենք լավը, կամ ոչինչ չենք խոսում։ Հիմա ինչո՞ւ ենք այս մեռած մարդուն հավասարեցնում այս երեքին (խոսքը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ և Լևոն Սարգսյանների մասին է, Ա․Ն), չգիտեմ, մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու»։
Լևոն Բարսեղյանն էլ նշեց, թե՝ «մեռածների հետևից կամ լավը, կամ ոչինչ» արտահայտությունը կիսատ են մեջբերում, իրականում դրանից հետո կա մի ստորակետ․ այն այսպես է ՝ «մեռածների հետևից կամ լավը, կամ ոչինչ, բացի ճշմարտությունից»։
Սամվել Բալասանյանը ևս նշեց, որ դեմ է մեռած մարդուն կոչումից զրկելուն, նա դեմ էր անգամ հարցը օրակարգի մեջ ներառելուն, ասում էր, թե մեռած մարդ է, եկեք հանգիստ թողնենք։
ԳԱԼԱ-ի այս նախագիծը չընդունվեց։
Լևոն Բարսեղյանը նշեց, որ հաջորդ նիստերին նույն հարցը նորից կներկայացնեն ու այնքան ժամանակ, մինչև որ կընդունվի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ