Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեյվիդ Մքալիսթեր. «Կուզենայինք տեսնել ԵՄ միգրանտների թվի նվազում»

Հունիս 18,2018 19:15

Հայաստան է ժամանել ԵԽ ինը պատգամավորներից կազմված պատվիրակություն, որը գնահատելու է ԵՄ եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ներկս փուլը եւ բարեփոխումներին ուղղված ջանքերը՝ ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրին համաձայնության քվե տալուն ընդառաջ:

ԵԽ պատվիրակության ղեկավար Դեյվիդ Մքալիսթերն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հունիսի 18-ին հանդիպեցին լրագրողների հետ:

Դեյվիդ Մքալիսթերը նշեց իր ղեկավարած պատվիրակության կազմը, ասաց, որ եկել է Երեւան ապրիլի եւ մայիսի խանդավառ դեպքերից հետո ծանոթանալու մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններին:

«Երկու շաբաթ առաջ որոշեցինք արտահերթ այցելել Հայաստան, ինչը նշանակում է, որ կարեւորում ենք ձեր երկրում տեղի ունեցածը»,-ասաց Մքալիսթերը; Նա նշեց, որ արդեն մի շարք հանդիպումներ են ունեցել, այդ թվում՝ վարչապետի, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

Ապա` հավելեց. «Ձեր կառավարության ծրագիրը խոստումնալից տեսք ունի, սակայն կարեւորը դրա կատարումն է:

Մենք սատարում ենք Հայաստանի ժողովրդին որպես ամբողջություն, խրախուսում ենք ընտրական օրենսգրքի բարեփոխումները: Ձեր վերջին ընտրություններին խախտումներ էինք նկատել, ընտրակաշառք, ընտրողներին ճնշելու դեպքեր եւ այլն, հուսանք, որ այս անգամ պատկերը կփոխվի:

Հաճույքով ակնկալում ենք դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ստանալ Հայաստանից: Ողջունում են վերջին հետաքննությունները, չէինք ցանկանա, որ դրանք քաղաքական ենթատեքստ ունենային»,- հայտարարեց Դեյվիդ Մքալիսթերը; Ասաց, որ հուլիսի չորսին ԵՄ-ն իր վերջին քվեարկությունը կանցկացնի, եւ կասկած չունի, որ կարեւոր փաստաթուղթը կվավերացվի: Նա ասաց նաեւ, որ ԵՄ-ն Հայաստանում է օգնության ձեռք մեկնելու համար, սակայն օժանդակություն տրամադրելիս որոշ պայմաններով են առաջնորդվելու, քանի որ կարեւորում են օրենքի գերակայությունը:

«Կուզենայինք տեսնել ԵՄ միգրանտների թվի նվազում ԵՄ անդամ երկրներում»,-ընդգծեց Դեյվիդ Մքալիսթերը;

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին էլ, ընդգծեց . «Պետք է հարգվի զինադադարը, առճակատման հռետորաբանությունը դադարի, երկու կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ, կոնֆլիկտը ռազմական լուծում չպետք է ունենա»:

Ինչ վերաբերվում է համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, պատասխանելով հարցին՝ արդյոք այդ առումով հնարավո՞ր են խոչընդոտներ, Դեյվիդ Մքալիսթերն ասաց, որ խնդիրներ չկան. «Գիտենք, որ այն չի խանգարում Հայաստանին այլ գործընկերներ եւս ունենալ: Ըստ իս, սա շահեկան է բոլոր կողմերի համար, բացի այդ որեւէ խոշոր խնդիր չեմ տեսնում»:

Պյոտր Սվիտալսկին ասաց, որ ազդակներ չեն ստացել, որ ձգձգումներ եւ խոչընդոտներ կան անդամ երկրների կողմից: Նրա խոսքերով գործը բավական լավ է առաջ ընթանում, վավերացնող երկրների թիվը գնալով ավելանում է. «Համաձայնագրի ութսուն տոկոսը պայմանական ուժի մեջ է մտել հունիսի մեկից»:

Դեյվիդ Մքալիսթերը անդրադառնալով վիզաների ազատականացման ռեժիմին, հայտնեց, որ հասկանում է հայ ժողովրդի համար դրա կարեւորությունը, հավելեց, որ դրա դյուրացումը բարի ընթացք ունի: Հույս հայտնեց, որ հայազգի միգրանտները չեն չարաշահի ԵՄ անդամ երկրներում մնալու հնարավորությունը. «Վրաստանի եւ Ուկրաինայի փորձից ելնելով հնարավոր է առաջընթաց Հայաստանի պարագայում: Ուղղակի ուշադիր հետեւելով Վրաստանի եւ Ուկրաինայի սխալներին, ուզում ենք խուսափել դրանից Հայաստանում»:

Ադրբեջանի կողմից սահմանին եւ շփման գծում ուժեր կենտրոնացնելու վերաբերյալ հարցի վերաբերյալ էլ ներկաները մտահոգություն հայտնեցին, հուսալով, որ լարվածությունը կլիցքաթափվի, կողմերին էլ կոչ արվեց խուսափել հնարավոր զարգացումներից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930