Հունիսի 12-14 ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը աշխատանքային այցով գտնվում էր Արգենտինայում։
Այցի շրջանակներում Արցախի մշտական ներկայացուցիչը Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) տեղի մասնաճյուղի կողմից կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված Արցախին։
Իր ելույթում Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմական և իրավական ասպեկտները, անդրադարձ կատարել կարգավորման գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև Արցախում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։
Արցախի մշտական ներկայացուցիչը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախի տնտեսական զարգացմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման հեռանկարներին։
Միջոցառմանը ներկա էին հոգևոր առաջնորդներ և Արգենտինայի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ։
Ռոբերտ Ավետիսյանը նաև հանդիպումներ է ունեցել Բուենոս Այրեսի ՀԲԸՄ ղեկավար կազմի և ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև Արգենտինայում Արցախի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը։
Այցի շրջանակներում Արցախի մշտական ներկայացուցիչը դասախոսությամբ հանդես է եկել Բուենոս Այրեսի պետական համալսարանում, որին ներկա էին համալսարանի դասախոսներ, ուսանողներ և հայկական համայնքի ներկայացուցիչներ։ Ռոբերտ Ավետիսյանը խոսել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության ու կարգավորման գործընթացի մասին և պատասխանել ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին հակամարտության լուծման հեռանկարներին, Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությանն ու միջազգային ճանաչման գործընթացին։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ