Վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարարություն են դիմել մի շարք մատակարար կազմակերպություններ, խնդրելով ուշացման տույժեր չկիրառել ՀՀ ՊՆ-ի հետ կնքված պայմանագրերի գնման ժամանակացույցով մայիս ամսին մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված խմբաքանակների նկատմամբ` հիմնավորելով, որ պայմանագրերին կից համաձայնագրերը կնքվել են ս.թ. ապրիլի 27-ից մայիսի 11-ը ընկած ժամանակահատվածում և ներքաղաքական զարգացումների հետ կապված հնարավոր չի եղել լիարժեք կատարել պայմանագրային պարտավորությունները:
Ուսումնասիրելով ներկայացված փաստարկները և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի և մատակարար կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի ֆորս-մաժորային դրույթները, որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախարարության հետ ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքած կազմակերպությունների` ս.թ. ապրիլ-մայիս ամիսների համար ստանձնած պարտավորությունների կատարման գծով ուշացումների հաշվարկում չընդգրկել 20.04.2018-10.05.2018թթ. ժամանակահատվածը:
Ըստ այդմ, ս.թ. ապրիլ ամսին մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված կամ թերի մատակարարված ապրանքների, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց պայմանագրերով սահմանված տույժերը կհաշվարկվեն ս.թ. մայիսի 21-ից սկսած ուշացման օրերի համար, իսկ ս.թ. մայիս ամսին մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված կամ թերի մատակարարված ապրանքների, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց պայմանագրերով սահմանված տույժերը կհաշվարկվեն ս.թ. հունիսի 11-ից սկսած ուշացման օրերի համար:
ՀՀ պաշտպանության նախարարություն