Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Ասատրյան. «Հասկացել եմ, որ լեգիտիմ կառավարության մաս լինելը խնդիր չէ»

Հունիս 18,2018 18:06

Քրիստինե Ասատրյանը վարչապետի որոշմամբ 2018 թվականի հունիսի 6-ին նշանակվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ եւ կազմակերպում է աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության կողմից իրականացվող պետական քաղաքականության եւ ծրագրերի մշակման աշխատանքները:

Նորանշանակ փոխնախարարն ընդամենը մեկ շաբաթ է, ինչ ստանձնել է պաշտոնը, սակայն սիրով համաձայնեց ճանաչողական բնույթի զրույց ունենալ մեր հետ:

-Առաջարկը ստանալով՝ երկա՞ր եք մտածել ընդունել-չընդունելու մասին, թե՞ անմիջապես համաձայնել եք:

-Մոտ երկու շաբաթ մտածել եմ: Իմ ակտիվ, նաեւ սպորտային կենսակերպը, ազատ գրաֆիկով աշխատող մարդու գրաֆիկը, որն իր աշխատանքային գործունեության վերջին հինգ տարին նվիրել է ոչ ֆորմալ կրթությանը, երիտասարդներին մի փոքր այլ աշխատելաոճով, բավականին տարբերվում է պետական համակարգի աշխատանքային ռեժիմից: Բայց ոգեւորությունն այնքան մեծ էր, որ համաձայնեցի՝ անկախ նրանից, թե պլաններ ունեի՞ քաղաքականության մեջ մտնելու, քաղաքականությամբ զբաղվելու: Համաձայնեցի, որովհետեւ նոր կառավարության տեսլականը, մարդիկ, ովքեր եկել են իշխանության, լեգիտիմ են, եւ ինձ համար խնդիր չէր այդ ամենի մասը լինելը: Վերլուծել եմ, կշռադատել բոլոր ռիսկերը, դրական եւ բացասական կողմերը: Ու հասկացել եմ, որ իմ փորձը կարող եմ ներդնել այս դաշտն ավելի բարելավելու եւ երիտասարդական խնդիրներին ավելի մեծ կարեւորություն տալու գործում:

-Ընտանիքի անդամները համաձա՞յն են եղել: Ձեր ամուսինը համաձայնե՞լ է ընտանեկան հոգսերի ձեւի ու չափաբաժնի մի մասն իր վրա վերցնել:

-Մենք ցանկացած հարց քննարկում ենք, այսպես ասած, ընտանեկան խորհրդում: Եվ ինձ առաջինը խորհուրդ տվողն ամուսինս է: Որոշումը միասին ենք կայացրել: Մինչեւ սա էլ մենք ընտանեկան հոգսը հավասարապես կիսում էինք: Հիմա, այո, նրա հոգսերը մի փոքր կավելանան:

-Ասացիք, որ բավականին ակտիվ եք ու սպորտային: Ի՞նչը նկատի ունեք:

-Զբաղվել եմ քորֆբոլով, վոլեյբոլով: Հիմա մարզասրահ եմ հաճախում, լողի եմ գնում: Փորձում եմ ապրել առողջ ապրելակերպով: Որպես մարզասեր, հետեւում եմ, թե օլիմպիական խաղերին, թե աշխարհի, Եվրոպայի առաջնություններին ու հպարտություն, երջանկություն եմ ապրում մեր մարզիկների հաղթանակներով: Ամուսինս ժամանակին զբաղվել է ֆուտբոլով: Մեր վեց տարեկան տղային ուզում ենք լողի եւ մարմնամարզության տանել: Կարծում եմ՝ սպորտը մարդու կյանքի անբաժանելի մասն է:

-Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հետեւո՞ւմ եք:

-Այո, ինչքան հասցնում եմ: Իմ սիրած հավաքականը Հոլանդիայի ընտրանին է, բայց քանի որ նա չի մասնակցում այս առաջնությանը, երկրպագում եմ Ֆրանսիայի թիմին:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930