Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը Լիլիթ Մակունցին հիշեցրեց տարրական բարեկրթության մասին ու դժգոհեց

Հունիս 18,2018 17:49

Այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի, ինչպես նաեւ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովները խորհրդարանական լսումներ էին կազմակերպել մշակութային քաղաքականության հիմնահարցերի վերաբերյալ:

Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Այն մշակութային քաղաքականությունը, որը տարվել է մեր երկրում, անընդունելի է, ինչ-որ բան պիտի կոտրվի, ջարդվի»: Նա ասաց, որ այս ճահիճը կործանարար է: Զոհրաբյանը խոսեց «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասին: Հարցին, թե ինչու մեդիա բաղադրիչին չի միացել մեր երկիրը՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ մեր պետական օրենսդրությունը լուրջ հակասություններ ունի, բայց եթե այդ բաղադրիչը վավերացվի, այն լայն հնարավորություններ կտա մեր երկրին:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը հարցրեց ստեղծագործական միությունների մասին, թե ինչպես է տեսնում այդ միությունների հարցի կարգավորումը: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ ինքը երբ մտահոգություն է հայտնում, դա դուր չի գալիս ստեղծագործական միությունների ղեկավարներին, բողոքի նամակներ են գտնում, մինչդեռ շատ դեպքերում այդ միությունները դուրս են գալիս իրենց գործառույթների շրջանակներից. «Մենք պիտի կարողանանք փոխել աշխատաոճը: Ես չեմ ասում, որ ստեղծագործական միություններ պիտի չլինեն: Դա իմ կարծիքը չէ»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց, թե մշակույթի գործիչներին կոչումներ տալը ինչքանո՞վ է տեղին. «Բրեդ Փիթը վաստակավորի կոչում չունի: Հայտնի նկարիչը իր նկարներով է հայտնի լինում աշխարհին, չեմ կարծում, որ ամենալավ միջոցն է ժողովրդական, վաստակավորի կոչում տալը: Ընտրակաշառքը միայն 10 հազար դրամը չի, կարող են ասել՝ վաստակավորի կոչում ենք տալիս, մի ամբողջ ընտրարշավի պիտի ուղեկցես այս «թատերախմբին», տարիներ շարունակ մենք սա տեսել ենք: Ընդդիմության հավաքին մասնակցածը պատժվել է եթերազրկմամբ»:

Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ մտավորականը պիտի լինի մտավորական չպիտի անընդհատ կախված լինի օրվա իշխանության կողքին՝ անկախ նրանից այդ իշխանությունը Սերժ Սարգսյանն է, Նիկոլ Փաշինյանը, թե վաղը կլինի Իվետա Տոնոյանը, օրինակ. «Ցավոք, նաեւ մտավորականի ընկալումն է մեզանում խեղաթյուրվել»: Նա ասաց, որ չի կարողանում այսօր գտնել մի մտավորականի, որի խոսքի հետեւից մարդիկ կգնան, իշխանությունները մտավորականին վեղար են հագցրել ու ստացել իրենց սպասարկու:

Ինչ վերաբերում է կոչումներին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ երբ ԱԺ-ում ասաց՝ վաստակավոր շինարարը, վաստակավոր քարտաշը ո՞րն է, քարտաշը մնում է քարտաշ՝ իր դեմ բողոքի արշավ արեցին. «Նախագահի մրցանակ, պետական մրցանակ…եկեք նայենք, էլի, թե ինչ գործերի են տրվել: Այն նախագահները, որ էդ մրցանակը տվել են, գոնե մի երկու էջ կարդացե՞լ են, որ տվել են, երկու էջն էլ բավարար էր՝ հասկանալու համար՝ արդյոք՞ պետք է տային մրցանակ այդ գործին»:

Լսումներին ներկա չէր մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ տարրական բարեկրթությունը պահանջում էր, որ եթե չէր գալու, տեղեկացներ գլխադասային հանձնաժողովներին, մինչդեռ այս նախարարը շարունակում է նախկին կառավարության գործելաոճը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մկրտիչ says:

    Այո, կոչումները պետք է հանել: Արժեզրվել են…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930