Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի պատմական վնասի եւ Տեր-Պետրոսյանի հրաժարականի պահին «վերադառնալու» մասին

Հունիս 18,2018 17:39

ՀՀ-ի նոր իշխանության լեգիտիմությունը լավագույն գործիքն է Արցախյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հարցին, թե բանակցային գործընթացում ինչ զարգացումներ է հնարավոր ակնկալել, ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Եթե Արցախում ինչ-որ բան պատահի, հայ ժողովուրդը միահամուռ այնպիսի պատասխան կտա Ադրբեջանին, եւ այն, ինչ չենք հասցրել անել, նոր սերունդը կհասցնի անել»,-համոզմունք հայտնեց Արամ Մանուկյանը:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ «ի՞նչ կարծիքի եք վարչապետ Փաշինյանի հայտարարության մասին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ»: Արամ Մանուկյանը պատասխանեց, որ դա ցանկալի է եւ դժվար. «Բայց, կրկնում եմ, այսօր ՀՀ-ի դիրքերը որպես բանակցային կողմ ուժեղ են, որովհետեւ իշխանության թիկունքին ժողովուրդն է: Սերժ Սարգսյանը եւ Քոչարյանը չունեին լեգիտիմության այդ գործիքը»,-նշեց Արամ Մանուկյանը:

-Բանակցային սեղանին դրված հայտնի կետերի փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք,-հարցրինք:

-Էյֆորիայի մեջ չընկնենք, մեծ առումով ասած՝ մեծ փոփոխություններ անելը դժվար է:

-Բայց կարիքը տեսնո՞ւմ եք:

-Եթե հնարավորություն ունենաս, իհարկե…անգամ եթե մենք կարողանանք վերադառնալ այն կետին, երբ հրաժարական տվեց Տեր Պետրոսյանը, դա կլիներ հրաշալի: Այդ ելման կետից մինչ օրս մենք բավականաչափ կորուստ ենք ունեցել:

-Եթե հստակեցնենք, գտնում եք, որ հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակի՝ բանակցային սեղանին դրված «Մադրիդյան սկզբունքների» կետերը պետք է անփոփո՞խ մնան (ՀԱԿ-ը մշտապես կողմ է եղել հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակին):

-Քսան տարի առաջ էլ, հիմա էլ այդ կետերը երկուստեք փոխզիջումային են, բայց հիմա գտնում եմ, որ եթե կարողանայինք վերադառնալ այն ելման կետին, որտեղից սկսել էր Ռոբերտ Քոչարյանը, կլինեինք հերոս…Ռոբերտ Քոչարյանի պատմական վնասը Ղարաբաղի հարցում այն էր, որ ինքնորոշման խնդիրը դարձավ տարածքային վեճի խնդիր: Սա մեծագույն պատմական անհաջողությունն էր՝ արված Ռոբերտ Քոչարյանի ձեռքով,-եզրափակեց ՀԱԿ փոխնախագահը:

Արամ Մանուկյանը նաեւ ընդգծեց, որ առաջիկայում նոր իշխանության կողմից կազմակերպվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններն առանց ՀԱԿ-ի պատկերացնել հնարավոր չէ. «Մենք ամենածրագրային քաղաքական ուժն ենք, որն ունի ամենաինտելեկտուալ քաղաքական թիմը: Մենք ամենասթափ ուժն ենք, որի մոտեցումները երեսուն տարում չեն փոխվել»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930