Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակին, երբ Իգոր Մուրադյանին հարցրի, նա ասաց, որ ստրատեգիական դաշնակիցն այն է, որ իր տնտեսական շահը զոհաբերում է հանուն ձեր միջև առկա հարաբերություններին». Արա Պապյան

Հունիս 18,2018 17:34

ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը հայտարարեց՝ ՌԴ-երրորդ երկիր հարաբերությունները չեն քննարկվել:

«Հոդված 3» մամուլի ակումբում «Հայ-ռուսական հարաբերություններ. նոր շեշտադրումներ հին իրողություններում» թեմայով հանդիպում-քննարկմանը պարոն Խառատյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, նշեց. «Մի քանի անգամ հնչել է այն հայտարարությունը, որ հայ-ռուսական հարաբերություններում մութ անկյուններ չկան ու չպետք է լինեն: Մենք պիտի հնարավորինս բաց ու անկողմնակալ և ուղիղ խոսենք: Խոսակցությունն այդպես էլ տեղի է ունենում»:

Մյուս կողմից էլ պարոն Խառատյանը նշեց, թե երկու հանրապետություններ են և այնպես չէ, որ ամեն ինչ միայն հարթ է ընթանում: Այլ հարց է, թե որքանով, ինչ ակտիվությամբ ենք այդ խնդիրները բարձրաձայնում ու լուծում»:

Հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սուվերենություն բառը հատո՞ւկ էր շեշտում, թե դա պաշտոնական տեքստի մի մասն էր, պարոն Խառատյանն ի պատասխան այսպես արձագանքեց. «Այն, որ այս բառը շահարկվում է, չեմ հասկանում, թե ինչու ենք այդքան լարված, ինչու են այս բառերն այդքան մեծ արձագանք գտել: Այդ բառերն ասվում են մեր բոլոր գործընկերներին՝ ՀՀ-ում հավատարմագրված կառույցների ներկայացուցիչներին և այլոց: Թե որ բառը, որտեղ, ինչպես է օգտագործվում, ինձ համար առանձնակի կարևորություն չունի, բայց այն, որ մեր ընկալումն ու զգացողությունն է սուվերենության դիրքերից խոսելը, դա հաստատ է»:

Քաղաքագետ Գևորգ Մելիքյանի համոզմամբ՝ պետք է հասկանալ արդյոք իրողություննե՞ր են փոխվում հայ-ռուսական հարաբերություններում: Մենք գիտենք, որ այս իշխանությունը բավականին ծանր բեռ է ժառանգել նախկիններից տարբեր հարթակներում, այդ թվում նաև արտաքին քաղաքականության մեջ: Մոտ 24 խնդիր եմ ցուցակագրել, օրինակ՝ Ադրբեջանին զենքի վաճառք, ՀՀ-ի մասին իմիջային հարցերի բարձրացում տարբեր ռուսական ԶԼՄ-ներում, ադրբեջանական լոբբինգի բավականին հզորացում Մոսկվայում և այլն: Ենթադրենք՝ այսօր իշխանությունները, երբ ՌԴ-ի հետ հարաբերություններում որևէ քննարկման մեջ պարտադիր նշում են, որ այլ հարաբերություններ չեն կարող լինել, այս հարաբերությունների հաշվին: Մենք տեսնում ենք որոշակի վստահության վերականգնման խնդիր կա ռուս-հայկական հարաբերություններում: Ինչպես բացահայտումներ ենք տեսնում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների հետ կապված, այնպես էլ մենք հստակ պետք է բացահայտենք այն բոլոր խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում: Նույն ռազմաբազայի հետ կապված. այնպես չէ, որ խրախուսվում էր դա»:

Պարոն Մելիքյանը շեշտեց՝ այն, որ ճնշումների խնդիր կա և եղել է, դա նոր բան չէ. «Եթե մենք պետք է պայքարենք, որ ՌԴ-ն զենք չվաճառի: Եթե մենք պայքարենք մեր գործընկերների դեմ, ապա մենք ռեսուրս չենք ունենա: Ի վերջո, Ռուսաստանը մեզ հետ գործընկե՞ր է, թե՞ մեզ հետ խնդիրներ ունի»:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը վստահեցրեց՝ մտքեր և ուղերձներ պետք է հնչեցնեն ոչ միայն ինքնիշխանության, այլև իրահավասարության թեմայով: Այնուհետև հիշեցրեց՝ ռուս գործիչները ժամանակին ՀՀ-ն որպես ՌԴ-ի ֆորպոստ էին համարում: ՀՀ-ն իր վարքով ցույց էր տալիս, որ սպասարկում է այդ շահերը: Սա գոնե այս փուլի համար գոնե ամենակարևոր հիմնասյունն է, որի վրա մեր քաղաքականությունը պիտի խարսխվի: Այն, որ ԵՄ տարբեր դեսպաններ գալիս հանդիպում են, սա էլ մեզ համար կարևոր է: Այսօր մեր երկրի ղեկավարությունը խնդիր չունի հանդիպելու, դեռ ավելին հանդիպում ցանկացողների թիվն ավելի շատ է: Վստահ եմ, որ մենք սկսել ենք և հուսամ՝ կկարողանանք բարեհաջող նյութականացնել, բերել ռեալ արդյունքի այս փոփոխությունները: Ռուսներն էլ հասկանում են, որ ՀՀ-ում իշխանությունը կախված է սեփական ժողովրդից և կախում չունի ոչ ոքից, այդ թվում նաև ՌԴ-ից»:

Պարոն Պապյանը մտահոգություն հայտնեց՝ ՀՀ նախկին իշխանությունները հայ-ռուսական հարաբերություններն օգտագործել են սեփական շահի տեսակետից: Նա օրինակ բերեց գազի մատակարարման հարցը՝ ելնելով նոր վարչապետի այն հայտարարությունից, որ հարցը քննարկվեց և դա մեր ներպետական հարցն է: Արա Պապյանը համոզմունք հայտնեց. «Ներսում պիտի լուծենք, հասկանում ենք այն, որ խնդիրը ձերն է, մենք տալիս են սահմանի վրա այս գնով, իսկ թե ինչքանով է հասնում սպառողին, դա ձեր խնդիրն է: Հարստանալու ողջ պրոցեսը բարդում են ՌԴ-ի վրա, սլաքներն ուղարկում ՌԴ-ի դեմ: Հիմա հստակեցվեց այդ հարաբերությունները գազի մատակարարման հարցում և առաջիկայում դրական փոփոխությունները կտեսնենք նաև գազի գնի փոփոխման հարցում»:

Արա Պապյանը նշեց, որ տեսականորեն ստրատեգիական դաշնակցությունը նաև իր դաշնակցությունն է և թշնամուն զենք պիտի չվաճառվի: Դրան որևէ արդարացում չկա: Արա Պապյանը պատմեց. «Ժամանակին, երբ Իգոր Մուրադյանին հարցրի, նա ասաց, որ ստրատեգիական դաշնակիցն այն է, որ իր տնտեսական շահը զոհաբերում է հանուն ձեր միջև առկա հարաբերություններին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930