ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք տեղեկություն են ստացել, որ Մանվել Գրիգորյանի եւ Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի, կողմնակիցների միջեւ Էջմիածնում կարող է բախում լինի. «Այո, ստացել ենք նման տեղեկություն, որ իրենց մեջ լարվածություն կա: Եվ հաշվի առնելով այն փաստը, որ երկու կողմի ձեռքին էլ զենք կար, այդ զենքը մի օր պետք է կրակեր»,- ասաց նա:
Դոն Պիպոյի մոտից եւս որոշ քանակությամբ զենք են առգրավել, սակայն պարոն Վանեցյանը ստույգ չէր հիշում՝ որքան:
ԱԱԾ ղեկավարից հետաքրքրվեցին, թե էլ ում տունն են խուզարկելու, պարոն Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ-ն «ռեպրեսիվ մարմին չէ, ռեպերսիաներով չի զբաղվում. «Ոչ մեկի տանն էլ խուզարկություն չի լինելու, եթե չլինեն դրա համար անհրաժեշտ, ստույգ տվյալներ: Եթե կլինեն, դա կլինի բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձ, թե սովորական քաղաքացի, նույն վերաբերմունքի կարժանանա»:
Արթուր Վանեցյանը նաեւ ասաց, որ իրենք «ձեւական» որեւէ տեղ չեն գնում, գործողություններն իրականացնում են՝ հստակ տեղեկություններ իմանալով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ