Հունիսի 17-ին եւ այսօր ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե շփման գծում ռազմական գործողություններ են ընթանում, իսկ իրենք հայկական կողմից տարածքներ են գրավել, սակայն այդ ամենը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Գրում են նաեւ, թե հարձակում է պլանավորվում: Այդ ամենը կեղծիք է, վստահեք միայն մեր Պաշտպանության նախարարության տեղեկատվությանը, որը կասկածի տեղիք երբեւէ չի տվել»,-նշեց նա:
Անդրադառնալով փաստին, որ Բելառուսի կառավարությունը վերջերս որոշել է «Պոլոնեզ» համակարգեր տրամադրել Ադրբեջանին, Տիգրան Բալայանն ասաց, որ այդ հարցով Բելառուսի հետ հայկական կողմը աշխատանքներ է տանում. «Մինչ այս պահը ստացած արձագանքները մեզ չեն բավարարում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ