Գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված, Արցախը պաշտպանող զինվորների համար նախատեսված օգնության մեջ նաեւ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավանի միջնակարգ դպրոցի նվիրաբերած ծանրոցներն են:
Վ. Ծաղկավանի դպրոցի տնօրեն Ռուբիկ Խաչատրյանն ասաց, որ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ իրենք աշակերտներին չեն պարտադրել գումարներ հանգանակել, մի քանի դասարանների աշակերտներ այդ նպատակով նվիրաբերել են 300-ական, դպրոցի ուսուցիչները՝ 500-1000-ական դրամ, այդ գումարով Բերդ քաղաքում կիսագուլպա, շապիկներ, սիգարետ, դեղորայք, ատամի մածուկ, խոզանակ, խտացրած կաթ են գնել:
Տնօրենի վկայությամբ՝ Վ. Ծաղկավանից, Պառավաքարից եւ Վարագավանից հանգանակված օգնությունը հավաքվել է Վարագավան գյուղում, որտեղից ավտոմեքենայով տեղափոխվել է, այդ գործը համակարգել է Տավուշի մարզպետարանի կրթության վարչությունը:
Ռ. Խաչատրյանը հեգնանքով ասաց, որ օգնության առաքման հասցեն սխալ են նշել, Արցախի փոխարեն գրելով Մանվել Գրիգորյանի տունը:
Նա հավելեց, որ ապրիլյան պատերազմի օրերին լուրեր կային Արցախի զինվորների համար նախատեսված օգնությունների յուրացման մասին, սակայն իրենք դրանց չէին հավատում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ