«Ես երբեւիցե չեմ հավատացել Մանվել Գրիգորյանի սուրբ լինելուն, բայց նույնիսկ ինձ ապշեցրեցին ծավալները եւ բարոյական սահմանի անցումը», – այսպիսի կարծիք հայտնեց ԱԱԾ-ի բացահայտումների մասին Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:
Նրա խոսքով՝ «Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, ամեն ինչ պարզ է, բայց չեմ կարծում, որ հարցը լուծվում է միայն Մանվել Գրիգորյանի բարոյական չափանիշներով, չեմ կարծում, որ այդ մեծ քանակությամբ ապրանքները կարելի էր այդքան թաքուն տեղափոխել, որ դրա մասին չիմանա երկրի վերին իշխանությունը եւ համապատասխան մարմինները, որոնք հսկում են ամեն քայլը: Սխալ կլինի սահմանափակվել միայն մեկ անձին դատապարտելով»:
Բաբայանն ասաց, որ Մանվել Գրիգորյանից բացի, պատասխանատու է նաեւ երկրի այդ ժամանակվա ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը, որովհետեւ անհնար է, որ տեղյակ չլիներ: Ըստ նրա, այդ ապրանքները Գրիգորյանը տոպրակով չէր տանի տուն, հնարավոր չի դա թաքուն տանել, մեքենա էր պետք. «Աշխատել է հետեւյալ բարոյական սկզբունքը՝ կարեւորը ոչ թե չգողանալն է, կարեւորը չբռնվելն է: Ցավոք, հիմա իշխանական բուրգից իրեն մեղադրում են, որ ինչ հիմար ձեւով բռնվեց՝ իր ագահության պատճառով: Իրականում, կարծում եմ, շատ շատերն են տեղյակ եղել»:
Նա ասաց, որ Մանվել Գրիգորյանը ՀՀԿ ներկայացուցիչ էր, ԱԺ պատգամավոր, ԱԱԾ-ն եթե իր աշխատանքը կատարել էր, հնարավոր չի, որ նորմալ չզեկուցեր Սերժ Սարգսյանին. «Եթե Սերժ Սարգսյանը չի անդրադարձել սրան, չի կանխել, պատժել, ուրեմն…»:
Մեր հարցին՝ եթե այս մեղադրանքը հաստատվի, ի՞նչ պատիժ պետք է կրի այսպիսի հանցագործություն կատարող մարդը, որ հասարակությունն իրեն փոքր-ինչ բավարարված զգա՝ Ռուբեն Բաբայանը պատասխանեց. «Կարծում եմ, սա պետք է դասվի պետական դավաճանության շարքերին, ոչ պակաս: Սա հասարակ գողություն չի, հասարակ յուրացում չի: Յուրաքանչյուր հանցագործություն ունի նաեւ իր բարոյական հետքը: Ես նայում եմ այդ նամակներին, դպրոցականների հասցեներին…ասենք թե զինվորները պահանջ չեն ունեցել, ասենք թե դա ավելցուկ է եղել, բայց այն երեխան, որը զինվորին նամակ է գրել, այն մանկապարտեզը, դպրոցը, որը հավաքել է՝ հավատալով, որ դա կհասնի տեղ, այստեղ ինչպես վերականգնել այդ հավատը: Սա մեծագույն հանցագործություն է»:
Ռուբեն Բաբայանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի դեպքը սպասվող էր. «Այնպես չի լինում, որ մարդը մի ոլորտում լինում է սրիկա եւ կողքից էլ լինում է հայրենասեր: Սրիկան սրիկա է ամեն ինչում: Դա ցավալի հարված էր՝ մարդկայնորեն: Աշխատենք հերոս բառն այդքան շատ չօգտագործել, առավել եւս՝ կենդանի մարդկանց հանդեպ: Պատերազմը ահավոր է նաեւ դրանով՝ եւ կոտրում է մարդու շատ բարոյական չափանիշներ եւ հաճախակի տալիս է հնարավորություն տականքին հերոս դառնալ, մարդասպանին կոչվել հերոս: Ցավալի էր…ինչ բառ ասում եմ, տաղտկալի, հիմար բառ է թվում, ես ճիշտ բառը չեմ գտնում, ահավոր էր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ