«ՊՆ-ն տարիներ շարունակ ԵԿՄ-ին օրինական ճանապարհով տրամադրել է սնունդ, հագուստ եւ այլ պարագաներ»,- կառավարության նիստից հետո անդրադառնալով ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ամառանոցում ԱԱԾ-ի հայտնաբերածին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ պարոն Հովհաննիսյանի՝ «Այն իրերը եւ առարկաները, որոնց վրա գրված է, որ արտադրված է Զինված ուժերի համար, օրինական ճանապարհով փոխանցվել են ԵԿՄ-ին երկու ճանապարհով։ ԵԿՄ-ն արդեն ավելի քան քսան տարի ակտիվ պահեստազորի ամենամյա բանակումներ է իրականացնում, որի ժամանակ դիմում է ՊՆ-ին ու ստանում տարբեր տեսակի պիտույքներ։ Երկրորդ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ եւ դրանից հետո եղել են կամավորական խմբեր, որոնք եղել են Արցախում եւ ՊՆ-ի մատակարարման վրա են եղել, այսինքն՝ ստացել են սնունդ, հագուստ եւ այլն»։
Արծրուն Հովհաննիսյանը, սակայն չի կարող ասել, թե տեսանյութում հայտնաբերվածը որ ճանապարհով է հայտնվել: Նրա խոսքով՝ քննությունը կպարզի:
Բանակին ապրիլյան քառօրյայի օրերին նվիրաբերված իրերի, այդ թվում եւ շտապօգնության մեքենայի մասով էլ պարոն Հովհաննիսյանն ասաց, որ ՊՆ-ն այդ մասով որեւէ վերահսկողական գործառույթ չի ունեցել։
Aravot.am-ի հարցին, թե բանակը շտապ օգնության մեքենաների կարիքը չունե՞ր, որ դրանք էլ էին հայտնվել Մանվել Գրիգորյանի ավտոպարկում, Արծրուն Հովհաննիսյանն ասաց՝ դրանց կարիքը միշտ էլ կա: Այնուհետեւ պարոն Հովհաննիսյանն ավելացրեց՝ այնպես չէ, որ բավարար քանակը չունենք, բայց դրանք միշտ պետք են:
Ինչ վերաբերում է մեծ քանակությամբ զենք զինամթերքին, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ իրավասու չէ պատասխանել այդ հարցին, քանի որ քննություն է ընթանում. «Բայց կային զինատեսակներ, որոնք ոչ մի կերպ օրինական չէին կարող լինել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ