Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

928 մլն շրջանառություն ունեցողը տարեկան 1,2 մլն դրամ հարկ է վճարել. ԱԺ-ում շրջհարկի շեմն են փոփոխում

Հունիս 18,2018 16:49

«Հարկային օրենսգրքում փոփոխությունները բավականին շատ են, որոնք, եթե խոստովանենք, այնքան էլ մեր սրտով չեն, որովհետեւ ենթադրվում է՝ պետք է ունենայինք օրենսգիրք, որին գոնե մի քանի տարի պիտի կարողանայինք ձեռք չտալ»,-այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսպիսի կարծիք հայտնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Այսօր այս հանձնաժողովում քննարկվում էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության առաջարկած որոշման նախագիծը:

Փոփոխություններից մեկով առաջարկվում է հուլիսի մեկից հանրային սննդի օբյեկտներում շրջանառության հարկի շեմի փոփոխություն:

Կառավարության առաջարկում, որը ներկայացնում էր Ջանջուղազյանը, հստակ շեմ նշված չէր: Հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ նախնական քննարկումներում որոշվել էր սահմանել 6 եւ 3 տոկոս հարկեր. «Փոքր մակերեսի սուբյեկտները արտոնագրային հարկից անցնում են շրջհարկի: Կան հաստատուն ծախսեր, օրինակ՝ 150-200 մետր տարածք ունեցող սուբյեկտի հարկային բեռն ավելանալու է»:

Ջանջուղազյանն էլ վստահեցրեց, որ լինում են դեպքեր, երբ մեծ ծավալի շրջանառություն ունեցող սուբյեկտները չնչին գումարներ են վճարում. «Մենք գործ ունենք մի դեպքի հետ, որ կազմակերպությունն իր շրջանառության լավագույն դեպքում 4.8%-ն է վճարել: Մեծ շրջանառություն ունեցողը ավելի մեծ հարկային պարտավորություն պիտի կատարի: Մեր ունեցած կարգավորումը դրա հնարավորությունը չի տալիս: Օրինակ՝ մի կազմակերպություն, որը 1 տարում ունի 928 միլիոնի շրջանառություն եւ վճարում է ընդամենը 1.2 միլիոն դրամ տարեկան հարկ: Արդյոք սա նորմա՞լ է»:

Ապա Ջանջուղազյանը տնտեսվարողների ցանկը փոխանցեց պատգամավորներին: Մելքումյանն էլ իր ցանկը փոխանցեց Ջանջուղազյանին:

Նախարարը հայտարարեց՝ հարկային այս փոփոխմամբ որոշ դեպքերում հարկային բեռն ավելանալու է: Իսկ թե որքան դա կազդի գների վրա, ըստ նախարարի, կախված կլինի թե՝ ինչ ծավալների աշխատանք կանեն ու որքան արդյունավետ. «Մեր ցուցանիշներով՝ քիչ ծավալ ունեցողի համար հարկային բեռի էական նվազում կլինի»:

Ֆինանսների նախարարն ու պատգամավորները լեզու չէին գտնում այս հարկային շեմի հետ. պատգամավորներն առաջարկում էին սահմանել նախնական պայմանավորվածությունը՝ հուլիսի 1-ից 6 եւ 3 տոկոս, ապա հաջորդ տարիներին փոփոխել այս շեմը:

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց՝ եթե հարկային ռեժիմը փոխվի, խնդիրներ են առաջանալու եւ պետք է հստակ նշվի, որպեսզի տնտեսավարողների համար կանխատեսելի լինի գործունեությունը: Նախարարն էլ վստահեցրեց՝ այս դրույթի մասին մեկ տարի առաջ իմացել են. «Կան պարտաճանաչ տնտեսվարողներ, որոնք հայտարարել են, որ հուլիսի 1-ից պատրաստ են արտոնագրայինից դառնալ շրջանառության հարկ վճարողներ: Հիմա իրենց մոտ խնդիր է լինելու»:

Հարությունյանը պնդեց՝ օրենսդրական փաթեթում պետք հստակ նշվի՝ հուլիսի մեկից 6 եւ 3 տոկոս հարկային շեմ: Ջանջուղազյանն անընդհատ առարկում էր ու պնդում՝ տնտեսվարողները տեղյակ են եղել:

«Ատոմ ջան, ֆորմալ մարդուն կես տարի հարկային ռեժիմ ես սահմանում, էդ մարդը կես տարում էդ ռեժիմը չի գիտակցելու»,-ասաց Խոսրով Հարությունյանը:

Երկար քննարկումներից ու իրար առարկելուց հետո Ատոմ Ջանջուղազյանը հանձնվեց, բայց մի պայմանով՝ ԱԺ առաջարկն ընդունել, ու այլեւս այդ հարցին չանդրադառնալ. «Ես առաջարկում եմ հուլիսի մեկից սահմանել՝ 6 եւ 3 տոկոս, բայց ոչ պակաս , քան իր շրջանառության 4% -ը»:

Եվ պայմանավորվեցին՝ սահմանվում է՝ հուլիսի մեկից հանրային սննդի օբյեկտների հարկման ռեժիմը դառնում է 6% շրջանառության հարկ (բայց ոչ պակաս, քան շրջանառության 4%-ը), որը նվազեցնում է գյուղատնտեսական բնույթի մթերքների ծախսերի 3%-ի չափով, 2019 թվականին՝ 8 եւ 5 տոկոս, բայց ոչ պակաս շրջանառության 4%-ը: Եվ 2020-ի հունվարի մեկից՝ 10 եւ 6 տոկոս: Այս պայմանավորվածությունից հետո Հարությունյանը դիմեց Ջանջուղազյանին. «Ուրեմն, ընդհանրապես ես ձեզ հետ վեճ չունեմ»: «Ես գնամ, ուրեմն»,-արձագանքեց նախարարը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930