Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեգործության մասին» նախագիծը դեռ կրքեր է բորբոքում. «Խորհրդակցե՞լ եք բարեգործությամբ զբաղվող անհատների հետ»

Հունիս 18,2018 16:27

«Երբ որ կարգավորում եք ներկայացրել, բերե՞լ եք բարեգործության դինամիկան, ո՞ր ոլորտներում է իրականացվել, ի՞նչ ձեւերով, ովքե՞ր են խոշոր մասնակիցները, խորհրդակցե՞լ եք բարեգործությամբ զբաղվող անհատների հետ»,- այսօր խորհրդարանում ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին «հարցախեղդ» արեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Մանրամասները` տեսանյութում

Հիշեցնենք, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հարցի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը մինչ այդ ներկայացրել էր` գործող օրենքը, որն ընդունվել է 2002-ին, նախատեսում է, որ բարեգործական ծրագիրը սահմանելու համար պետք է որոշում կայացնի լիազորված մարմինը: Տվյալ դեպքում` բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը: Մինչդեռ 2015-ի փոփոխված Սահմանադրությամբ, այդ որոշումը կայացնելու լիազորությունը տրվում է պետական մարմնին: «Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը վարչարարության հիմունքներով եւ օրենքի տրամաբանությամբ որպես վարչական մարմին չի կարող լինել, ակտ չի կարող ընդունել: Իսկ որ ծրագիրը սահմանվում է բարեգործական, կարող են անել միայն վարչական մարմինները: Հետեւաբար, անհրաժեշտություն առաջացավ սահմանել որպես պետական մարմին, հարցը դրա համար է հրատապ»,-պարզաբանեց փոխնախարարը:

Ըստ ներկայացված նախագծի, բարեգործական ծրագիր կսահմանի ոչ թե հանձնաժողովը, այլ կառավարությունը, միաժամանակ հանձնաժողովը կգործի, բայց խորհրդակցական բնույթի եզրակացություններ կտա, որի հիման վրա իրավասու մարմինը կկայացնի որոշումը:

Փոխնախարարը ներկայացրեց, թե բարերարները կամ բարեգործական կազմակերպությունները ինչ պարագայում են դիմում այդ հանձնաժողովին. «Որպեսզի 15-րդ հոդվածից օգտվեն եւ ստանան պատվավոր կոչումներ, կամ 16-րդ հոդվածով նախատեսված պետական աջակցությունից օգտվեն, հարկային արտոնություններ ստանան, կառավարության կամ համայնքի կողմից նյութատեխնիկական օժանդակություն ստանան»:

Նախագծով նաեւ սահմանափակումներ կան, որոնք, ըստ փոխնախարարի նորություն չեն. «Սահմանվում է, թե որ ծրագրերն են ենթակա բարեգործական որակմանը եւ որոնք կարող են որակվել որպես հարկային արտոնություններ ստացող»:

Պատասխանելով Միքայել Մելքումյանի հարցերին, փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ օրենքը ոչ մի կերպ չի սահմանափակում բարեգործության սկզբունքը, հասկացությունը նույնն է. «Դրա համար ուսումնասիրել, թե ինչքանով է օգտակար, կամ ովքեր են, այս ոլորտում պետք չի»:

Փոխնախարարը կրկնեց` եթե որևէ մեկն ուզում է օգտվել սահմանված երեք արտոնություններից, ոչ թե հանձնաժողովից է ստանում այդ արտոնությունը, այլ իրավասու մարմնից:

Մանրամասները`տեսանյութում



Միքայել Մելքումյանը շարունակեց եւ պահանջեց օրենքով հստակ ամրագրել` եթե չկան այդ երեք ակնկալիքները, ապա դիմելու խնդիր չունեն, ոչ էլ կառավարությունը ծրագրերը նայելու խնդիր ունի:

Փոխնախարարը չառարկեց:

Հարցը քվեարկվեց, մտավ վաղը կայանալիք արտահերթ նիստի օրակարգ: Քննարկմամբ որոշվեց, որ օրենքի նախագծում այդ փոփոխությունը արվի: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները «ձեռնպահ» քվեարկեցին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930